ՊՆ ու ԳՇ ղեկավարները զբաղված են այլ բանով. ընդդիմադիր պատգամավորը` բանակի դեպքերի մասին

Տիգրան Աբրահամյան
Աբրահամյանը նշում է, որ բանակում առկա խնդիրների կարգավորում հնարավոր չէ , քանի դեռ իշխանության ղեկին անձինք են, որոնք նման կամք չունեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը Facebook-ում կատարած գրառմամբ անդրադարձել է բանակում կատարվող հանցագործությունների պատճառներին։

«Բանակում անվտանգության կանոնների խախտման, ինքնասպանության, ծառայակցի արձակած գնդակից արձանագրվող մահվան դեպքերի ու վիրավորումների աճը պայմանավորված է առաջին հերթին կարգապահության սուր խնդիրներով, սպա-զինվոր փոխհարաբերությունների որակով, գաղափարաքարոզչական աշխատանքների ոչ բավարար մակարդակով»,– գրում է նա` հավելելով, որ պետական բարձր էշելոններից շարունակական ձևով հարվածներ ընդունող կառույցում չէր էլ կարող այլ վիճակ արձանագրվել։

Նրա խոսքով` կան նաև այլ խորքային պատճառներ, որոնց մասին, սակայն, ընդդիմադիր պատգամավորն առայժմ ձեռնպահ է մնում խոսել։
Փոխարենն Աբրահամյանը նշում է, որ այդ խնդիրների կարգավորում ակնկալել չի կարելի, քանի դեռ իշխանության ղեկին անձինք են, որոնք նման կամք չունեն։
Ծառայակցի արձակած կրակոցից 20 տարեկան զինծառայող է մահացել
«Իսկ ՊՆ-ն ու ԳՇ-ն ղեկավարող անձինք զբաղված են լրիվ այլ բնույթի աշխատանքներով՝ առավելապես ներքաղաքական. նման խնդիրներ լուծելու ո՛չ ժամանակ ունեն, ո՛չ էլ տիրապետում են դրա լուծման ճանապարհներին»,– գրում է Աբրահամյանը։
Հիշեցնենք` ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունն այսօր հայտարարել էր, որ Հայաստանի զորամասերից մեկում 19–ամյա զինվոր է մահացել, ևս 2 զինծառայող վիրավոր են։
Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ին, ժամը 19:30-ի սահմաններում։ Նախնական տվյալներով` համածառայակցի կողմից արձակված կրակոցներից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Սենիկ Աշոտի Արզումանյանը (ծնվ. 2002թ։
Նմանատիպ դեպք էր արձանագրվել նաև 2 օր առաջ` դեկտեմբերի 9–ին։