Վեճի ժամանակ տանտիրոջ գլխին էին հարվածել. 40-ամյա տղամարդը երկու օր անց մահացել է

28-ամյա մի տղամարդ վիճել է տանտիրոջ հետ և հարվածներ հասցրել նրան։ Տղամարդու ինքնազգացողությունը գնալով վատացել է, և նա մահացել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Գյումրիի Մուշ թաղամասի տներից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ 40-ամյա տանտիրոջը հարվածել են. օրեր անց տղամարդը մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը` հավելելով, որ դեկտեմբերի 7-ին ոստիկանները Գյուրմրիի Մուշ-2 թաղամասի իր բնակարանում 40-ամյա տանտիրոջը մահացած են գտել։
Շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում էր ստացվել, որ տղամարդն իր տանը հանկարծամահ է եղել: Սակայն դիակի ձախ աչքի շրջանում կապտուկ և քերծվածքներ կային, և չէր բացառվում, որ նրան սպանել էին, կամ մահը վրա էր հասել ծեծելուց որոշ ժամանակ անց: Տղամարդու ընկերուհին, որ նույն բնակարանում էր ապրում, վստահեցնում է, որ նա վնասվածքը ստացել է մահանալուց օրեր առաջ` ընկնելու հետևանքով:
Արարատի մարզում էլցանցի պետը դանակահարել է էլեկտրիկին
Դատաբժշկական փորձաքննության արդյունքում բոլորովին այլ բան պարզվեց. դեկտեմբերի 5-ին, ժամը 18-ի սահմաններում, ընկերուհու ներկայությամբ իր բնակարանում ոգելից խմիչք օգտագործած 40-ամյա տղամարդը վեճի էր բռնվել 28-ամյա ծանոթի հետ։ Վերջինս բռունցքներով նրա գլխին էր խփել՝ պատճառելով վնասվածքներ: Դեպքին հաջորդող օրերին տղամարդու առողջական վիճակը վատացել էր, իսկ դեկտեմբերի 7-ին նա մահացել էր:
Կասկածվողը հայտնաբերվել և բերման է ենթարկվել: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: