Բեռնափոխադրումներ, ճանապարհային վճարներ. Սանոսյանն ընդունել է իրանցի պաշտոնյային

Գնել Սանոսյանն հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի գլխավորած պատվիրակությանը
Նախարարը Իրանի մաքսային ծառայության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ խոսել է այլընտրանքային ճանապարհների մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում Սանոսյանը բարձր է գնահատել բարեկամ Իրանի հետ բազմաշերտ համագործակցությունը և ընդգծել, որ երկու երկրները զարգացման մեծ պոտենցիալ ունեն ուղևորաշրջանառության և բեռնաշրջանառության ոլորտում։
Քննարկվել են Սյունիքում այլընտրանքային ճանապարհի հետ կապված, բեռնափոխադրումների արագ սպասարկումը խթանելու նպատակով մաքսային ընթացակարգերի դյուրացմանը վերաբերող, ինչպես նաև ճանապարհային վճարների հետ կապված հարցեր։
Առայժմ առանց Հայաստանի․ ինչո՞ւ է Իրանը փոխել «Պարսից ծոց-Սև ծով» նախագծի ծրագրերը
Նախարարը տեղեկացրել է, որ այժմ օրենսդրական փոփոխություններ են նախաձեռնվում, որով նախատեսվում է ճանապարհային վճարը վերափոխել կիլոմետրի դիմաց վճարի։ Սանոսյանն ասել է նաև, որ առաջիկայում պատրաստ կլինի Տաթև-Լծեն ավտոճանապարհը, որով նախ կկրճատվի դեպի Երևան ճանապարհը, ինչպես նաև դրանով կլուծվի այլընտրանքային ճանապարհի դժվարանցանելի հատվածների խնդիրը։
Մեհդի Միրաշրաֆին իր հերթին ընդգծել է, որ Հայաստանի և Իրանի միջև տարանցման ու ապրանքափոխանակման շատ ավելի մեծ պոտենցիալ է առկա, որը միանշանակ պետք է օգտագործել և խթանել ներդրումները։ Նրա խոսքով` պետք է համատեղ ծրագրավորված աշխատել, զարգացնել ենթակառուցվածքները, որպեսզի հնարավոր լինի խորացնել առկա համագործակցությունը։
Նշենք, որ Միրաշրաֆին Հայաստան է եկել աշխատանքային այցով դեկտեմբերի 8-ին։ Նրան դիմավորել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։