ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետությունում առաջիկա 3 տարում պլանավորվում է կառուցել 5000 բնակարան` հիմնականում Արցախից 44-օրյա պատերազմից հետո տեղահանվածների և զոհվածների ընտանիքների համար։ Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։
Նրա խոսքով` տեղահանվածները շուրջ 40 հազար են, նրանցից 13-14 հազարը Արցախում են ու պետական աջակցությամբ ապրում են վարձով բնակարաններում, իսկ մնացածը Հայաստանում են, շատ չնչին մասն արտագաղթել է։ Կան նաև զոհվածների ընտանիքներ, ովքեր նույնպես բնակարանային խնդիրներ ունեն։ Նույն հարցը վերաբերում է դեռևս 1990-ականների պատերազմից հետո որոշ զոհվածների, ինչպես նաև սպաների, պահեստազորի սպաների, բազմազավակ, երկկողմանի ծնողազուրկ ընտանիքներին։
«Մեկնարկել ենք ծրագիր, որը կիրականացնենք 3 տարվա ընթացքում։ Առաջնահերթ բնակարաններ կտրամադրենք զոհվածների և տեղահանվածների ընտանիքներին։ Դրան զուգահեռ և հատկապես դրանից հետո մնացած սոցիալապես խոցելի խմբերի բնակարանների հարցը կլուծվի»,– նշեց Բեգլարյանը։
Ներկա պահին Ստեփանակերտում ընթանում են 1211 բնակարանի կառուցման աշխատանքներ, 1438 բնակարան էլ կառուցվում է շրջաններում։ Այժմ նախագծման փուլում են նոր բնակավայրեր` տեղահանված ընտանիքների և օկուպացված համայնքներից հեռացածներից համար։ Մինչև տարվա վերջ Արցախի կառավարությունը շահագործման կհանձնի 317 բնակարան, որից 294-ը՝ Ստեփանակերտում։
Արցախի պետնախարարն ընդգծեց, որ աստիճանաբար փնտրում են ռեսուրսներ ու լուծումներ, որպեսզի բոլոր արցախցի ընտանիքներն ունենան իրենց սեփական բնակարանը։
Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում, Արցախի կառավարության օպերատիվ շտաբի տվյալներով, ընդհանուր առմամբ շարունակում է մնալ շուրջ 5300 արցախցի ընտանիք` այսինքն մոտ 20 430 մարդ։