Ի՞նչ է կատարվում անշարժ գույքի շուկայում, և ինչո՞ւ են աճում վաճառքի և վարձակալության գները

Երևան
«Անշարժ գույքի բորսա» ընկերության տնօրեն Արտյոմ Պրիբիլսկին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում անդրադարձել է Հայաստանի անշարժ գույքի շուկայում վաճառքի և վարձակալության գների աճին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. 2021-ի առաջին կիսամյակի տվյալներով` Հայաստանում վաճառվել է 25.000, 2020-ին` 20.000 միավոր անշարժ գույք։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց «Անշարժ գույքի բորսա» ընկերության տնօրեն Արտյոմ Պրիբիլսկին։
Նրա խոսքով` վաճառքի ավելացմանը զուգահեռ աճել են նաև անշարժ գույքի գները։ Ճիշտ է` նոր շենքերի կառուցման գործընթաց ևս կա, բայց դա չի խոչընդոտում շուկայում գների շարունակական աճին։
ՌԱԴԻՈ
1–ը գնում են, 2–ը` վաճառում. հայաստանյան անշարժ գույքի շուկան և օտարերկրյա քաղաքացիները
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս տարվա առաջին կիսամյակում անշարժ գույքի շուկայում գների աճը կազմել է մոտ 2 տոկոս, միջին աշխատավարձը բարձրացել է 3,5 տոկոսով։
Անշարժ գույքի բորսայում հոկտեմբերին նոյեմբերի համեմատ օտարերկրացիների կողմից անշարժ գույքի գնման ցուցանիշը նվազել է։
Օտարերկրացիները Երևանում ավելի շատ վաճառել, քան գնել են բնակարաններ։ Նրանց մեծ մասն ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիներ են։

«Օտարերկրացիների կողմից ընդհանուր առմամբ նոյեմբերին կատարվել է 558 գնման, 1114 վաճառքի գործարք։ ՌԴ քաղաքացիները Երևանում գնել են 314, վաճառել 1105 անշարժ գույք։ Դա պայմանավորված է նաև Ռուսաստանում մարդկանց սոցիալական վիճակի վատացման, ինչպես նաև Հայաստանում վաճառքի գների բարձրացման հետ»,- ասաց Պրիբիլսկին։

Հայաստանում նաև վարձակալության գների շարունակական աճ է նկատվում։ Պրիբիլսկիի խոսքով` պատճառներից մեկն այն է, որ վարձով տրվող բնակարանների քանակն է նվազել։ Նա չի բացառում, որ վարձակալության գների վրա նաև 2020-ի պատերազմի օրերին մեծ թվով արցախցիների ներհոսքն է ազդել։
«2021-ին վարձակալած բնակարանների թիվը նախորդ տարվա համեմատ կրճատվել է մոտ 40, մարզերում` 27 տոկոսով։ Երևանում 2020-ի առաջին կիսամյակում վարձակալության է հանձնվել 797 բնակարան, 2021-ին` 447»,- նշեց Պրիբիլսկին` հավելելով որ Երևանում վաճառքի և վարձակալության ամենաբարձր գները գրանցվել են Կենտրոն, իսկ ամենացածրը` Նուբարաշեն վարչական շրջաններում։
Թե դեռևս որքան կարող է շարունակվել վաճառվող և վարձակալության հանձնվող բնակարանների գները աճը, Պրիբիլսկին դժվարանում է ասել։
Կառուցապատողներն առաջարկում են օտարերկրացիներին կարգավիճակ տալ անշարժ գույք գնելու դիմաց
Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի` այս տարվա հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, Երևանի Փոքր կենտրոնում բնակարանի մեկ քմ-ն թանկացել է 14 հազար 900 դրամով. այն գերազանցում է 1330 դոլարը:
Եթե սեպտեմբերին Փոքր կենտրոնում բնակարանի մեկ քմ-ի արժեքը կազմել է 650 հազար 100 դրամ, հոկտեմբերին այն դարձել է 665 հազար դրամ:
Ով հասցրել է, վաճառել է․ ի՞նչ է կատարվում անշարժ գույքի շուկայում
Արաբկիր վարչական շրջանում բնակարանների գները բարձրացել են 2800 դրամով, Քանաքեռ-Զեյթունում` 4500 դրամով: Դավթաշեն վարչական շրջանում բնակարանի մեկ քմ-ն 330 հազար դրամից թանկացել է՝ դառնալով 335 հազար 100 դրամ:
Ըստ որոշ մասնագետների՝ առաջիկայում անշարժ գույքի գներն էլ ավելի են բարձրանալու: