Երևանի տրանսպորտային ցանցի բարեփոխումը չի՞ հետաձգվում. քաղաքապետարանը` նոր որոշման մասին

Երևանի քաղաքապետարանը պարզաբանում է, որ եթե 2022 թվականի գնումներն ըստ պլանի գնան, Երևանի ամբողջ տրանսպորտային ցանցի շուրջ 70 տոկոսը կթարմացվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարության որոշում չի նշանակում, որ քաղաքային տրանսպորտային ցանցի բարեփոխումը հետաձգվում է, այն ընթանում է իր ժամանակացույցով։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ պարզաբանելով, թե ինչ է իրականում նշանակում ՀՀ կառավարության այսօրվա որոշումը։
Նշենք, որ ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ` Երևանի հանրային տրանսպորտի լիարժեք արդիականացման ծրագրի նոր ժամկետներ է սահմանել. նախատեսված բարեփոխումները հետաձգվում են ևս 3 տարով` մինչև 2025թ–ը։
Երևանի նոր տրանսպորտային ցանցը կհամալրվի ևս 100 ավտոբուսով
Կարապետյանի խոսքով`ՀՀ կառավարությունն ուղղակի թույլ է տվել, որպեսզի հիմնականում Երևան քաղաքի ենթակայության տակ գտնվող մանուշակագույն «Հիգեր» մակնիշի ավտոբուսները ևս երեք տարի շահագործվեն։
«Ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ ավտոբուսները մեծամասամբ բավականին լավ վիճակում են գտնվում և հնարավոր է դրանց շահագործումը՝ հաշվի առնելով գնումների տեմպերը»,–պարզաբանեց Կարապետյանը։
Նշենք, որ այս տարվա ընթացում Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել և Հայաստան ներկրել 311ավտոբուս։
ՌԱԴԻՈ
Տրանսպորտային նոր ցանցը թղթի վրա է. կյանքի կոչելու համար մասնագետ չկա
«2022 թվականին նախատեսվում է գնել 100 միջին տեղատարողությամբ և 12 մետրանոց 100 ավտոբուսներ։ Այնուամենայնիվ, մենք ժամանակացույցի մեջ ենք, և եթե գնումները 2022 թվականին ըստ պլանի գնան՝ մենք կունենանք շուրջ 550 նոր ավտոբուս, իսկ դա Երևանի ամբողջ տրանսպորտային ցանցի շուրջ 70 տոկոսն է»,–ասաց նա։
Կարապետյանը նշում է` եթե 2020 թվականին համաճարակ և պատերազմ չլիներ, գնումների գործընթացն ավելի արագ տեղի կունենար։
Հիշեցնենք, որ նախկինում ընդունված որոշմամբ նախատեսվում էր 2022թ-ի հունիսի 1-ից արգելել Երևանի ներհամայնքային կանոնավոր փոխադրումների երթուղիներում ներգրավված, 10 տարին լրացած ավտոբուսների ու միկրոավտոբուսների շահագործումը։
Հայաստանի մոտ 200 բնակավայր զրկված է տրանսպորտից․ Սանոսյան
Ըստ կառավարության որոշման նախագծում ներկայացված տեղեկանքի՝` երևանյան երթուղիներում այսօր ներգրավված են 249 հատ 2011թ-ի արտադրության«Հիգեր» մակնիշի, 19 հատ 2010-2011 թթ-ի «Հունդաի» մակնիշի, 91 հատ 2005-2009թթ-ի «Բոգդան» և «ՊԱԶ» մակնիշների ավտոբուսներ, ինչպես նաև` մոտ 750 10 և ավելի բարձր տարիքի միկրոավտոբուսներ։