Արսեն Զախարյանը ճանաչվել է ռուսական Պրեմիեր լիգայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

Զախարյանը 445 բալ է ստացել քվեարկության արդյունքում, որին մասնակցել են Ռուսաստանի ֆուտբոլային միության, Պրեմիեր լիգայի և ֆուտբոլային ակումբների ղեկավարները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը դարձել է «Առաջին հնգյակ» մրցանակաբաշխության հաղթող: Մրցանակը շնորհվում է ռուսական Պրեմիեր լիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին՝ տարվա արդյունքներով: Այս մասին հայտնում է Վիկտոր Գորլովի անվան մանկական ֆուտբոլային լիգայի կայքը։
Զախարյանը 445 բալ է ստացել քվեարկության արդյունքում, որին մասնակցել են Ռուսաստանի ֆուտբոլային միության, Պրեմիեր լիգայի և ֆուտբոլային ակումբների ղեկավարները, ինչպես նաև մասնագետներ և ԶԼՄ ներկայացուցիչներ։
Արսեն Զախարյանը մեծ ապագա ունի. Երվանդ Սուքիասյան
Երկրորդ տեղը զբաղեցրել է «Ուֆայի» հարձակվող Համիդ Ագալարովը (312 բալ), երրորդն էլ` «Դինամոյի» հարձակվող Կոնստանտին Տյուկավինը (238)։
Արսեն Զախարյանն այս մրցաշրջանում 17 խաղ է անցկացրել «Դինամոյում», խփել է 4 գնդակ և կատարել 7 արդյունավետ փոխանցում: Բացի այդ, 18-ամյա կիսապաշտպանը 4 հանդիպում է անցկացրել Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում։