ՄԱԿ-ի դատարանի որոշումներն արտացոլում են մեր փաստարկների ընդունումը. ՀՀ ԱԳՆ–ի արձագանքը

ՀՀ ԱԳՆ
Հայաստանը հետամուտ է լինելու Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարմանը և դատարանին տեղեկացնելու է ցանկացած խախտման մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է դեկտեմբերի 7–ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին, որոնք կապված էին Հայաստանի և Ադրբեջանի կողմից ներկայացված հրատապ միջոցներ կիրառելուն։
Նշենք, որ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը պարտադիր իրավական ուժ ունեցող պարտավորություններ էր ներկայացրել Ադրբեջանին։

«Այդ որոշումները, միանշանակ, արտացոլում են դատարանի կողմից հայկական կողմի ներկայացրած մի շարք առանցքային փաստարկների ընդունումը և դատարանի առջև մեր դիրքորոշումների հաստատումը»,–նշված է հաղորդագրության մեջ:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հրավիրում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և մյուս միջազգային գործընկերների ուշադրությունը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի վճռին և կոչ անում շարունակել ջանքեր գործադրել արձանագրված խնդիրների համապարփակ հասցեագրման ուղղությամբ:
Շեշտվում է, որ հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ իր դիմումում Հայաստանն ապացույցներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց նկատմամբ ռասայական դրդապատճառներով սպանությունների և խոշտանգումների վերաբերյալ։ Բացի այդ Հայաստանն ապացուցել է, որ Ադրբեջանը հայկական մշակութային ժառանգության ոչնչացման շարունակական քաղաքականության է վարում։
Դատարանը գտել է, որ առկա է ազգությամբ հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ և Ադրբեջանին պարտավորեցրել է պաշտպանել բռնությունից և մարմնական վնասվածքներից բոլոր այն անձանց, ովքեր գերեվարվել են 2020թ. զինված հակամարտությամբ պայմանավորված և դեռևս շարունակում են մնալ գերեվարված։ Ադրբեջանը պետք է ապահովի նրանց անվտանգությունն ու օրենքի առջև հավասարությունը։
Երևանը Բաքվին ականապատ դաշտերի քարտեզները տվել է ՄԱԿ-ի դատարանի որոշումից դեռ 3 օր առաջ
Ադրբեջանին դատարանը պարտավորեցրել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու հայերին թիրախավորող ռասայական ատելության և խտրականության հրահրումը և խթանումը, ներառյալ՝ Ադրբեջանի պաշտոնյաների և պետական հաստատությունների կողմից։
Բացի այդ դատարանի որոշմամբ պետք է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները ուղղված հայկական մշակութային ժառանգությանը, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտերի դեմ։
«Հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ դատարանի վճիռները ճանաչում են այս իրողությունները և դրանց հասցեագրման համար ստեղծում են միջազգային իրավունքի համաձայն՝ պարտադիր իրավական ուժ ունեցող պարտավորություններ»,–նշված է հաղորդագրության մեջ:
Շեշտվում է, որ Հայաստանը հետամուտ է լինելու Ադրբեջանի կողմից դատարանի որոշումների կատարմանը և դատարանին տեղեկացնելու է ցանկացած խախտման մասին։
ՀՀ–ն Ադրբեջանին միջանցք տրամադրելու պարտավորություն չունի. ՀՀ ԱԳՆ–ի պատասխանն Ալիևին
Հիշեցնենք` սեպտեմբերին Հայաստանի Հանրապետությունը գանգատ էր ներկայացրել ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի՝ խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով: Իր հայցում Հայաստանը պահանջում էր, որ Ադրբեջանն անհապաղ ազատ արձակի հայ գերիներին, քաղաքացիական պատանդներին և այլ պահված անձանց, որոնք գերեվարվել են 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին կամ դրանից հետո զինված բախումների ժամանակ։ Մինչ այդ Ադրբեջանը պետք է նրանց հետ վարվի ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի պարտավորությունների շրջանակում։
Ադրբեջանը պետք է զերծ մնա հայերի նկատմամբ ազգային հողի վրա ատելություն սերմանող արտահայտություններից, այդ թվում՝ դադարեցնի այսպես կոչված «ռազմական ավարների այգու» գործողությունը։ Բաքուն պետք է ապահովի իրենց կողմից վերահսկվող տարածքում մշակութային հուշարձաններ (վանքեր, հուշարձաններ և այլն) այցելելու հնարավորությունը, ինչպես նաև իրական միջոցներ ձեռնարկի այդ հուշարձանների պահպանման համար:
Բաքուն էլ սեպտեմբերի 24-ին հայց էր ներկայացրել, որում պնդում է, թե իբր Հայաստանը մի շարք խտրական գործողություններ է իրականացրել և իրականացնում ադրբեջանցիների դեմ՝ նրանց ազգային և էթնիկ ծագման հիման վրա:
Դեկտեմբերի 7-ին դատարանը հրապարակեց իր որոշումը և Ադրբեջանից պահանջեց դադարեցնել հայերի նկատմամբ ռասայական ատելության հրահրումը։ Միջազգային դատարանը նույն պահանջը ներկայացրեց նաև Հայաստանին և կողմերին կոչ արեց ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է իրավիճակի վատթարացման հանգեցնել։
Նշենք, որ Ադրբեջանը վերջին անգամ Հայաստանին է փոխանցել նոյեմբերի 16-ին սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ գերեվարված 10 հայ զինվորականի։ Բայց Բաքվում շարունակում են մնալ տասնյակ գերիներ, այդ թվում նաև` նոյեմբերի 16–ին գերեվարվածներ։