Արարատ Միրզոյանը Փարիզ է մեկնում

Արարատ Միրզոյան. Արխիվային լուսանկար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ էլ ՀՀ կառավարության որոշ անդամներ դեկտեմբերի 8-10-ը կգործուղվեն Ֆրանսիայի Հանրապետություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 8-10-ը աշխատանքային այցով կմեկնի Փարիզ։ Տեղեկությունը Facbook–ի պաշտոնական էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
Տեղեկացվում է, որ Միրզոյանը մասնակցելու հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության զարգացման և ընդլայնման հարցերով աշխատանքային խմբի համատեղ նիստին:

«Այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ միասին կմասնակցի «Հայաստանի էսպլանադի (այգու)» պաշտոնական բացման արարողությանը»,–ասված է հաղորդագրության մեջ:

Տեղի կունենան նաև հանդիպումներ այլ գործընկերների հետ:
Կառավարության կայքից էլ տեղեկանում ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 8-10-ը պատվիրակություն կգործուղի Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)՝ հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցությանն առնչվող հարցերը ֆրանսիական կողմի հետ քննարկելու նպատակով:
Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և խոսել ԼՂ հակամարտության մասին
Հայկական պատվիրակության կազմում կլինեն ՀՀ ֆինանսների փոխնախարար Վահե Հովհաննիսյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ռոբերտ Խաչատրյանը, էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:
Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 10-ին և 11-ին Փարիզում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանին և ելույթ ունեցել։ Նոյեմբերի 10-ին ՀՀ ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Իգոր Խովաևի (Ռուսաստան) և Բրիս Ռոքֆոյի (Ֆրանսիա) հետ։
Նա նաև հանդիպել է Պաղեստինի ԱԳ նախարար Ռիադ Մալքիին։