Թագուհի Թովմասյանը ներկայացրեց Արսեն Թորոսյանի` նախարար եղած օրերի 2 մեծ սուտը

Արսեն Թորոսյան. Արխիվային լուսանկար
Թովմասյանի խոսքով` ինչ «սուտ խոսելը դուրս է եկել, Արսեն Թորոսյանն իրեն նեղություն չի տալիս» այլ բան անել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն ԱԺ ամբիոնից առողջապահության նախկին նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի պաշտոնավարման ժամանակ ասած և արած 2 ստերը ներկայացրեց:
Հայտնել էինք, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին հարցն ԱԺ օրակարգում ընդգրկելու քննարկման ժամանակ ՔՊ–ական Արսեն Թորոսյանը կոչ արեց դեմ քվեարկել դրան` ասելով, որ այնտեղ նորություն չկա։ Նախագծի հեղինակ Թագուհի Թովմասյանն արձագանքեց` կոչ անելով չստել։ Արսեն Թորոսյանն էլ պատասխանեց` նման կոչեր անելուց առաջ Թովմասյանը թող հայելու մեջ իրեն նայի։

«Երբ Արսեն Թորոսյանը կորոնավարակի պիկի ժամանակ հեգնում էր ու ասում՝ «ես հիմա վարակված եմ ու հիմա բոլորիդ վարակելու եմ», նաև հայտարարում էր՝ «կորոնավիրուսն այդքան վտանգավոր վիրուս չէ», դրա հետևանքով մենք այսօրվա դրությամբ ունենք 7669 մահ»,–ասաց Թովմասյանը:

Բացի այդ, ըստ պատգամավորի, կորոնավիրուսի հետևանքով մահերի վիճակագրական տվյալները, որ ամփոփվել են Թորոսյանի պաշտոնավարման ժամանակ, տեղի են ունեցել սխալներով: Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ վիճակագրական կոմիտեի ու առողջապահության նախարարության տված մահվան տվյալներն իրար հակասում են:
Չկա Հայաստան առանց Արցախ ու չկա Արցախ առանց Հայաստան. Ասպրամ Կրպեյանը երդվեց
«Պարոն Թորոսյան, ես նայում եմ հայելու մեջ, իհարկե, այն ծուռ հայելիների թագավորության, որ ստեղծել եք, բայց, ամեն դեպքում, սուտ խոսելն ինչ դուրս է եկել, Արսեն Թորոսյանը նեղություն չի քաշում»,–ասաց պատգամավորը:
Նա հավելեց, որ դատախազությունն է ստուգում կորոնավիորւսի հետ կապված տվյալների անճշտությունը և կպարզի` Թորոսյանի ստերն իրավական առումով ինչ հետևանք են ունենալու։