Գեղարքունիքի մարզի ՏԻՄ ընտրություններում 17 ընտրախախտում է գրանցվել. դատախազություն

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Գեղարքունիքի մարզի խոշորացված համայնքների ՏԻՄ ընտրություններում առերևույթ հանցավոր 17 ընտրախախտում է գրանցվել, որոնց առնչությամբ նյութեր են նախապատրաստվում։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Մարզի 4 խոշորացված համայնքում` Գավառում, Մարտունիում, Վարդենիսում և Սևանում, մինչև քվեարկության ժամկետի ավարտը ընտրախախտումների առերևույթ դեպքերի մասին ընդհանուր ստացվել է 17 հաղորդում և ահազանգ։
Լոռու խոշորացված համայնքների ՏԻՄ ընտրություններում 6 ընտրախախտում է գրանցվել
«Դրանցից 3-ը կապված են նախընտրական քարոզարշավի հետ, իսկ 14-ը՝ քվեարկության, 2-ը ԶԼՄ հրապարակումներ են, 12-ը ֆիզիկական անձանց կողմից տրված հաղորդումներ, 2-ը՝ սոցիալական ցանցերում օգտատերերի կողմից կատարված գրառումներ, իսկ 3-ը՝ ոստիկանության աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ստացված հաղորդումներից և ահազանգերից 2-ը վերաբերում է մինչև քվեարկության օրը ընկած ժամանակահատվածում Վարդենիս և Գավառ համայնքներում առերևույթ ընտրակաշառք տալուն, ստանալուն կամ ընտրակաշառքի միջնորդությանը, 1-ը՝ Վարդենիս խոշորացված համայնքում ընտրողների ուղղորդման միջոցով առերևույթ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն, 7-ը՝ Սևան, Գավառ, Մարտունի խոշորացված համայնքների տարբեր ընտրատեղամասերում առերևույթ կրկնաքվեարկության փորձեր կատարելուն։
Ինչ ընտրախախտումներ են կատարվել Կոտայքում և Արարատում. պարզաբանում է դատախազությունը
Դրանցից 4-ն առնչվում են Վարդենիս և Գավառ խոշորացված համայնքների ընտրություններում անձի կողմից իր կատարած քվեարկությունը լուսանկարելու միջոցով առերևույթ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 1-ը՝ Մարտունի խոշորացված համայնքում նախընտրական պաստառի առերևույթ վնասմանը, 2-ը՝ այլ բնույթի:
Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ ընդհանուր 17 հաղորդում-ահազանգից 2-ի առնչությամբ, հաշվի առնելով դրանց վերացական և ընդհանրական լինելու հանգամանքը, ՀՀ ոստիկանության կողմից նախաձեռնվել են անհրաժեշտ գործողություններ։
Ո՞ր համայնքներում է հաղթել ՔՊ–ն. ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
Մնացած 15 դեպքի վերաբերյալ հաղորդումները մարզի դատախազության հանձնարարությամբ ուղարկվել են հետաքննության կամ նախաքննության մարմիններ` նյութեր նախապատրաստելու նպատակով: Արդյունքում, դրանցից 2-ով, որոնք վերաբերել են նախընտրական շրջանում ստացված առերևույթ ընտրական հանցագործության դեպքերին, որոշվել է հանցադեպի կամ հանցակազմի բացակայության հիմքերով քրեական գործ հարուցելը մերժել:
Մնացածով նյութերի նախապատրաստման գործընթացը շարունակվում է:
Հավելենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 42.48 տոկոսը։ 1 մլն 112 հազար 396 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 472 528 քաղաքացի։