ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Օրական երկու լիտր ջուր խմելը, ինչը նախկինում անհրաժեշտություն էր համարվում, բնավ պարտադիր չէ։ Սննդաբան Յուլյա Չեխոնինան կարծում է, որ նման քանակությամբ ջուր խմելու մասին առասպելն ի հայտ է եկել տեղեկատվական սխալ մեկնաբանության պատճառով։ Բժիշկները իսկապես խորհուրդ են տալիս օրական երկու լիտր խմել, բայց ոչ թե միայն ջուր, այլ առհասարակ հեղուկ։
«Պետք է հասկանալ, որ մթերքը նույնպես հեղուկ է պարունակում։ Այսինքն` սննդի հետ մենք նույնպես մինչև 800 միլիլիտր ջուր ենք ստանում։ Մոտ 400 միլիլիտր էլ ձևավորվում է մեր օրգանիզմում․ դա էնդոգեն հեղուկն է», - մասնագետի խոսքերը մեջբերում է 5-tv կայքը։
Սննդաբանն ընդգծել է, որ անհրաժեշտ հեղուկի օրական քանակը հաշվարկվում է ըստ մարմնի նորմալ զանգվածի յուրաքանչյուր կիլոգրամի։
Այլ կերպ ասած՝ առաջին հերթին պետք է հստակեցնել, թե որ զանգվածն է բուժառուի համար նորմալ՝ ելնելով նրա մյուս ֆիզիոլոգիական ցուցանիշներից։ Ընդ որում` եթե մարդն ավելորդ քաշ ունի, «լրացուցիչ» կիլոգրամների համար հեղուկի քանակն ավելացնելու կարիք չունի։
Հաշվի առնելով օրգանիզմում ինքնուրույն արտադրվող հեղուկը և այն հեղուկը, որն օրգանիզմ է «տեղափոխվում» սննդի հետ` պակասում է մոտ մեկուկես լիտր, ինչը կարելի է լրացնել թեյով, սուրճով, հյութերով։
Մասնագետի խոսքով՝ պետք է օրական երկու բաժակից ոչ պակաս մաքուր ջուր խմել։