Փաշինյանը Դավթյանին հանձնարարեց պարզել` ինչու են Covid-ի հետևանքով մահերի տվյալները տարբեր

Հիվանդանոց. Արխիվային լուսանկար
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետք է պարզել՝ որևէ չարամտություն եղե՞լ է, թե՞ ոչ, որ կորոնավիրուսի հետևանքով մահացածների տվյալները երկու կառույցները տարբեր թվեր են ներկայացրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հանձնարարեց ուսումնասիրել, թե ինչու են ԱՎԾ-ն ու նախարարությունը կորոնավիրուսի հետևանքով մահացածների տարբեր թվեր ներկայացրել։
Հայտնել էինք, որ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` նախորդ տարի 3545 մարդ է մահացել կորոնավիրուսի հետևանքով, իսկ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով` 2828։
558 նոր դեպք, 21 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
«Պետք է պարզել՝ այստեղ որևէ չարամտություն եղե՞լ է, թե՞ ոչ: Այս պահի դրությամբ տպավորությունն այն է, որ չարամտություն չկա, բայց ճիշտ կլինի, որ դատախազությունն ուսումնասիրի ու հարցի հստակ պատասխան ունենանք։ Եթե կա որևէ չարամտություն, պետք է պարզվի ամեն ինչ»,–ասաց Փաշինյանը։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ նշեց, որ վարչապետի հանձնարարականի համաձայն` ուսումնասիրությունները շարունակվում են և ամբողջական պատկեր ունենալու պարագայում հանրությանը կտեղեկացնեն: Նախարարը նշեց, որ ժամանակի ընթացքում ուղղակի որոշ տվյալներ չեն ներառվել հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի «Արմեդ» համակարգ։
Կորոնավիրուսի հետ կապված իրադրության մեղմացում կա. Փաշինյան
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ավանեսյանը նշել էր` հարցն այն է, որ փուլ առ փուլ են անցել էլեկտրոնային համակարգի, և հիմա ճշտում են, թե որ փուլում են տվյալները դուրս մնացել։