ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ քաղաքացիների շրջանում 2021 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը ներառյալ ախտորոշվել է ՄԻԱՎ վարակի 344 նոր դեպք, որից 163-ը` ՁԻԱՀ է: Գրանցվել է մահվան 81 դեպք, որոնցից 61-ը` արական, և 20-ը` իգական սեռի շրջանում: Հղիության ընթացքում հայտնաբերվել է ՄԻԱՎ վարակի 17 դեպք։ Տեղեկությունը հայտնում է ԱՆ մամուլի ծառայությունը։
Նշենք, որ այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Այս տարվա ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա թեման է «Վե՛րջ դնենք անհավասարությանը», «Վե՛րջ դնենք ՁԻԱՀ-ին» և «Վե՛րջ դնենք համավարակներին»:
ՀՀ քաղաքացիների շրջանում 1988-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 30-ը ներառյալ Հայաստանում ախտորոշվել է ՄԻԱՎ վարակի 4498 դեպք, որից 2184-ը եղել են ՁԻԱՀ-ով դեպքեր: Նույն ժամակահատվածում այդ հիվանդությունից մահացածների թիվը կազմել է 1012: 0-15 տարեկան երեխաների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ-ի 74 դեպք, որից 41–ը ՁԻԱՀ է։
Դեպքեր են գրանցվել նաև օտարերկրյա քաղաքացիների շրջանում` 1988-2021թթ. հոկտեմբեր ժամանակահատվածում, ընդհանուր առմամբ, 242 դեպք, որոնցից 20-ը` 2021 թվականի ընթացքում:
2021 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ` Հայաստանում իրենց կարգավիճակն իմացող ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց թիվը կազմել է 3489, որոնցից հակառետրովիրուսային բուժման մեջ ընդգրկված է 2603 մարդ:
Նշենք, որ վիճակագրական տվյալների համաձայն` 2020 թվականին ամբողջ աշխարհում մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) ապրող մարդկանց գնահատված թիվը կազմել է 37,7 միլիոն, որոնց շուրջ 73%-ն ընդգրկված է եղել հակառետրովիրուսային դեղերով բուժման ծրագրում:
Նույն ժամանակահատվածում աշխարհում գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի 1 միլիոն 500 հազար նոր դեպք և 680 հազար մահ` ՄԻԱՎ-ի հետ կապված պատճառներից: