Ովքե՞ր են ընտրելու «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի հաղթողներին. մանրամասներ

Արխիվային լուսանկար
Մրցույթն առաջին անգամ անցկացվել է 2019 թվականին։ Այս տարի մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է 50 մլն դրամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթն այս տարի կանցկացվի այլ ձևաչափով։ Մարզիկներին ընտրելու հնարավորություն կունենան նաև լրագրողները։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։
Նրա խոսքով`Հայաստանի 10 լավագույն մարզիկներին կընտրեն Հայաստանի հավաքականների գլխավոր մարզիչներն ու սպորտ լուսաբանող լրատվամիջոցներից 1–ական լրագրողներ։
Բիչախչյանը Հայաստանի առաջնության լավագույն մարզիչ է ճանաչվել
Այս անգամ լավագույն մարզիկ չի որոշվելու, այլ լավագույն տասնյակ։ Ցուցակը կկազմվի այբբենական կարգով։ sms քվեարկությունը կպահպանվի, սակայն հանրությունը կարող է ընտրել միայն մեկ մարզիկի, որը կշահի «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը։ Յուրաքանչյուր մարզասեր իր հեռախոսից կարող է քվեարկել մեկ անգամ։
Նշենք, որ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակի դափնեկիրը պետք է լինի հայ, բայց կարող է ապրել աշխարհի ցանկացած երկրում, Հայաստանը ներկայացնել այլ պետություններում կամ հանդես գալ այլ երկրի դրոշի ներքո։ Նրա մրցանակը նույնն է լինելու, ինչ լավագույն 10 մարզիկներինը, բայց մի տարբերությամբ, որ նա չի ընդգրկվի լավագույն տասնյակում և նրա մարզիչն ու բժիշկը չեն պարգևատրվի։

«Այս տարի Հայաստանի 10 լավագույն մարզիկները, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչները, մարզիկների անձնական մարզիչները և բժիշկները կամ մերսողները կստանան դրամական պարգև։ ՀՀ կառավարությունը սահմանել է 50 մլն դրամ մրցանակային ֆոնդ»,–ասաց Գիլոյանը։

Նախնական տվյալներով` մրցույթի արդյունքները կամփոփովեն դեկտեմբերի 21–ին։
Քվեարկությունն ավարտված է. Հայաստանի այս տարվա լավագույն մարզիչը Խոակին Կապառոսն է
Նշենք, որ մրցույթն առաջին անգամ անցկացվել է 2019 թվականին։ Նախորդ տարի այն չի անցկացվել երկրում կորոնավիրուսային համավակի և արցախյան պատերազմի պատճառով։