ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանի զինված ուժերը հեռացել են Իշխանասարի շրջանից, Sputnik Արմենիային հայտնեց գյուղապետ Մարատ Պետրոսյանը։
«Այնտեղ, որտեղ մարտեր էին ընթանում, նրանք էլ չկան»,- ասաց Պետրոսյանը։
Թե որքան են ադրբեջանցիները հեռացել, Պետրոսյանը չգիտեր։ Նրան հայտնի չէր նաև՝ արդյոք այդ դիրքերում հայ զինծառայողներ են տեղակայվել։
Գյուղապետը, մասնավորապես, հաստատեց, որ ադրբեջանցիները հեռացել են Իշխանասար լեռան մի հատվածից, որտեղով նրանք ճանապարհ էին կառուցել։
Գյուղի բնակիչները Sputnik Արմենիային տեղեկացրին, որ ադրբեջանցիների հեռանալու մասին հայտնի է դարձել երեկ։
Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։
Արդյունքում հայկական կողմը 2 մարտական դիրք կորցրեց, ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հայտնեց 12 հայ զինծառայողի գերեվարման և մեկ զոհի մասին:
Նոյեմբերի 16–ին` ժ. 22։30–ի սահմաններում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։