ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Քաջարանի ավագանու անդամները գրությամբ կդիմեն դատարանին համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար։ Այս պահին ավագանու անդամները հավաքվել են քաղաքապետարանում և ստորագրում են դատարանին ուղղվելիք գրությունը։
«Փարամազյանի ղեկավարած քաղաքը նրա բացակայությամբ գլխատված է, քաջարանցին` հիասթափված։ Դեռևս անհայտ է նրան մեղսագրվող արարքների օրինականությունը, ավելին` դրանք հետագայում բողոքարկման հետ կլինեն ՄԻԵԴ–ում։ Այժմ գործ ունենք լիովին պարալիզացված ներհամայնքային կյանքի հետ։ Սյունեցուն ոգեշնչելու փոխարեն գլխատում են Սյունիքը։ Խնդրում ենք փոփոխել Փարամազյանի խափանման միջոցը, նրան ազատ արձակել և ընտրել խափանման մեկ այլ միջոց»,–նշված է դատարանին ուղղված գրության մեջ։
Ավագանու անդամներից մեկը նշեց` չգիտեն` օգուտ կտա իրենց քայլը, թե ոչ, բայց իրենք վրդովված ենք, քանի որ չգիտեն` ինչու է կալանավորված համայնքի ղեկավարը։ Նրա խոսքով` 6 ամիս է` ղեկավարը չկա, քաղաքը մնացել է անտեր–անտիրական։
Քաջարանց գյուղի վարչական ղեկավար Ռաֆիկ Աթայանն էլ ասաց, որ սահմանամերձ գյուղ է Քաջարանցը` «թուրքը հետևը կանգնած է»։ Նրա խոսքով` եթե դատարանը որոշի, որ Փարամազյանը մեղավոր է, թող տանեն, դատեն, բայց հիմա պետք է ազատ արձակեն նրան, որ համայնքի խնդիրները լուծի։
«Թուրքը նստած է սարի վրա, փայտ չկա, ժողովրդին փայտ չեն տալիս։ Ղեկավարին պետք է բաց թողնեն, գա, ժողովրդին տիրություն անի։ Ձմեռ է գալիս, վիճակ չկա գյուղում»,–ասաց նա։
Նշենք, որ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը կալանավորվել էր հուլիսի 10-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (խարդախության օժանդակելը կամ կազմակերպելը), 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) և 154.2-րդ հոդվածի (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով։
Փարամազյանն առաջադրված մեղադրանքները չի ընդունում. գտնում է, որ այս ամենն իր նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման շղթայի մի մասն է:
Փարամազյանի կալանքի ժամկետը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վերջին անգամ երկու ամսով երկարաձգել էր ս.թ. սեպտեմբերի 1-ին (մինչև դեկտեմբերի 1-ը)։