Կորոնավիրուսով վարակված 23 քաղաքացի է մահացել, որոնք պատվաստված են եղել. Ավանեսյան

Առողջապահության նախարարը հայտնեց, որ 9 քաղաքացի, որոնք երկու դեղաչափ պատվաստված են, կորոնավիրուսով են վարակվել և ծանր վիճակում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Կորոնավիրուսի հետևանքով հոսպիտալացված 2009 քաղաքացիներից 102-ն են պատվաստված, այսինքն` 3.5 տոկոսը։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` հավելելով, որ առաջին դեղաչափով այս պահին պատվաստված է ՀՀ քաղաքացիների 39 տոկոսը։
Գիտնականները պարզել են` արդյոք պատվաստվածները կարող են կորոնավիրուս փոխանցել
«Հայաստանում մինչ այսօր կորոնավիրուսով վարակված 23 քաղաքացի է մահացել, որոնք պատվաստված են եղել։ Նրանց միջին տարիքը 75-ից բարձր է եղել, ունեցել են խրոնիկ հիվանդություններ։ Այս պահին կորոնավիրուսի` 13 562 ակտիվ դեպքերի շրջանում ունենք 1092 պատվաստված քաղաքացի, այսինքն` 8.1 տոկոսն են պատվաստված։ Բացի այդ, ծանր վիճակում գտնվողներից 9-ն են ամբողջապես պատվաստվել»,-ասաց Ավանեսյանը։
Նախարարը հավելեց` 1 մլն 217 հազար 391 պատվաստվածներից 79–ի մոտ առողջական որոշակի խնդիրներ են եղել` մեծամասնության դեպքում կորոնավիրուսով են վարակվել։ Մնացած փոքրաթիվ դեպքերում ալերգիկ ռեակցիաներ են ընթացել։
Նրա խոսքով` մտահոգությունները, թե նոր շտամներն ինչպես են ազդելու պատվաստումների արդյունավետության վրա, մնում են։
189 նոր դեպք, 21 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
Նախարարը հիշեցրեց, որ, օրինակ, «դելտա» շտամի դեպքում պատվաստումը նվազեցնում է ինչպես վարակելիության, այնպես էլ՝ մահվան դեպքերի ցուցանիշը։
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունն այսօր հայտնել էր` Հայաստանում նոյեմբերի 28-ի դրությամբ կատարվել է 1 մլն 217 հազար 391 պատվաստում։ Առաջին դեղաչափը ստացել է 781 011, իսկ երկրորդը` 436 380 մարդ։