Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի բժշկական ջոկատի մասնագետներն Արցախում կորոնավիրուսի նոր մանրէահիմքի տարածման դեմ ուղղված կանխարգելիչ համալիր միջոցառումներ են անցկացրել, հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Ռուսական խաղաղապահ զորախմբում պլանային կարգով շարունակվում է «Սպուտնիկ V» երկբաղադրիչ պատվաստանյութով խաղաղապահների վերապատվաստումը։ Ներկա պահին վերապատվաստում է անցնում հեռավոր դիտակետերում ծառայություն իրականացնող անձնակազմը», – նշված է հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Անդրեյ Մարտովի խոսքով` կորոնավիրուսային նոր վարակի առաջացումն ու տարածումը կանխելուն ուղղված միջոցառումներն իրականացվում են ողջ ծավալով։
«Յուրաքանչյուր դիտակետում ջերմաչափման կետեր են կազմակերպված։ Ախտահանումն ընդհանուր օգտագործման և զինծառայողների տեղակայման տարածքներում իրականացվում է ամենօրյա ռեժիմով», – Մարտովի խոսքերն է մեջբերում գերատեսչությունը։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով: