ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի փաստաբանը հուսով է, որ ուշ թե շուտ արդարադատությունը կհաղթի, քանի որ իր պաշտպանյալը որևէ հանցանք չի կատարել։ Այս մասին նա հայտնեց լրագրողների հետ զրույցում։
Նշենք, որ ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում կայանում է Առուշ Առուշանյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը։
«Դատարանը պետք է վերլուծի բոլոր հանգամանքները։ Լսեց բոլոր կողմերի դիրքորոշումները։ Առուշանյանն անմեղ է, որևէ տեսակի հանցանք չի կատարել, և դրանում բոլորը շուտով կհամոզվեն։ Թե ինչ է տեղի ունենում դատաքննության ժամանակ, ինչ արհեստական հանգամանքներ են տեղի ունենում` պայմանավորված է զուտ նրանով, որ այս գործը ստանդարտից դուրս է։ Սա քաղաքական հետապնդում է, այստեղ իրավաբանություն փնտրել պետք չէ»,– նշեց Ալեքսանյանը` հավելելով, որ դատավորը պրոֆեսիոնալ է ու հույս կա, որ արդարադատությունը կհաղթի։
Նա ընդգծեց, որ պետք է սպասել ամբաստանյալների ցուցմունքներին, ինչից հետո իրենք կիրացնեն հարցեր տալու իրենց իրավունքները։ Պաշտպանը լրագրողների հետ զրույցում ակնարկեց, որ ամբաստանյալների ցուցմունքներից հետո կարող են փոփոխություններ լինել։
Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի (ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը), 149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի (պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը) և 154.2-րդ հոդվածի 3-րդ մասի (քվեարկության գաղտնիությունը խախտելը) հատկանիշներով։
Այս քրեական գործին միացվել է մեկ այլ քրեական գործ, որով Առուշանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը՝ 2 մլն դրամի չափով։
Առուշ Առուշանյանը կալանավորված է 2021 թվականի հուլիսի 16-ից։