Գյումրիում ապամոնտաժվում է երկրաշարժի «համր վկան»

Մինչև 2020 թվականը շենքի ապամոնտաժվողհատվածն ուներ տարբեր սեփականատերեր և ապամոնտաժման հարցում ընդհանուր հայտարարի գալ չէր ստացվում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի - Sputnik. Սպիտակի ավերիչ երկրաշարժից 33 տարի անց Գյումրիում վերջապես ապամոնտաժվում է փլատակի վերածված շինություններից մեկը:
Ապամոնտաժվող կառույցը Գյումրու նախկին տեքստիլ կոմբինատի հանրակացարանի շենքն է։ Շիրակի մարզպետարան տանող ճանապարհին գտնվող այս կառույցը ոչ միայն գյումրեցիներին, այլ նաև Գյումրի այցելած հյուրերին ու պաշտոնատար անձանց միշտ հիշեցրել է երկրաշարժի մասին:
Գյումրիում ապամոնտաժում են նախկին տեքստիլ կոմբինատի հանրակացարանի շենքը
Մոտ երեք հազար քառակուսի մետր տարածք զբաղեցնող այս շենքում փլուզումներ վերջին տարիներին հաճախ էր լինում հատկապես թեթև երկիրաշարժից կամ տեղումներից հետո: Շենքի մի հատվածն ամբողջովին փլուզված էր:
Նշենք, որ շենքի ապամոնտաժման աշխատանքներ չէին իրականացվում, քանի որ մինչև 2020 թվականը շենքն ուներ տարբեր սեփականատերեր և ապամոնտաժման հարցում ընդհանուր հայտարարի գալ չէր ստացվում: Նույնիսկ այս վիճակում մինչև 2019 թվականը շենքում ընտանիքներ էին բնակվում:
Գյումրիում ապամոնտաժում են նախկին տեքստիլ կոմբինատի հանրակացարանի շենքը
Հիմա շենքի փլված հատվածի ապամոնտաժումն իրականացնում է նոր սեփականատերը՝ «Հայր և որդի Գաբոյաններ» ընկերությունը, որին քաղաքապետարանը շենքի այդ հատվածի ապամոնտաժման համար տվել է չորս ամիս ժամանակ:
Գյումրու վթարային շենքեր. երկրաշարժի ուրվականները` նոր վտանգ բնակիչների գլխին
Ի դեպ, ըստ պայմանագրի, սեփականատիրոջը պատկանում է նախկին հանրակացարանի մի հատվածը, մյուսն այդպես էլ կմնա. շենքի մյուս հատվածի նկատմամբ սեփականության իրավունքներ ունեն տարբեր մարդիկ, որոնք այս պահին հրաժարվում են իրենց մասնաբաժինը վաճառելուց։