ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Իրավապահները մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտից ոստիկանություն են տարել «Ազատագրական շարժում» նախաձեռնության անդամներին, որոնք մի քանի րոպեով դադարեցրել էին մետրոյի աշխատանքը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ ոստիկանություն է բերվել 2 անձ։
«Քաղաքացիները բերվել են ոստիկանություն ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար (Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդված)»,- նշեցին ոստիկանությունից:
Նրանք ազատ կարձակվեն 3 ժամվա ընթացքում:
Նախաձեռնության անդամները կոչ էին անում երեկոյան մասնակցել Հանրապետության հրապարակում կայանալիք հավաքին: Բերման ենթարկվելիս նրանք բացականչեցին. «Նահանջել չկա»:
«Ազատ կամք» նախաձեռնության անդամ Վահագն Չախալյանն այսօր Facebook–ի էջում տեսագրություն էր հրապարակել, որում երևում էր, թե ինչպես են մետրոյի «Երիտասարդական» կայարանում մարդիկ կանգնել վագոնների դռների արանքում՝ թույլ չտալով, որ գնացքները շարժվեն։
Հիշեցնենք` նոյեմբերի 22-ին, վաղ առավոտից մի շարք ուժեր բողոքի ակցիաներ էին իրականացնում Երևանի Տիգրան Մեծ, Բաղրամյան, Արշակունյաց, Մյասնիկյան պողոտաներում։ Ժամը 17։00–ին նրանք միասնական հանրահավաք իրականացրին Հանրապետության հրապարակում։
Հանրահավաքներ ու երթեր անցկացվեցին նաև նոյեմբերի 23-ին։
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են կանխել սահմանագծման և սահմանազատման ցանկացած հակահայկական ծրագիր, թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն, լիարժեք զինել առաջնագիծն ու պաշտպանել երկրի տարածքային ամբողջականությունը։
Նոյեմբերի 24-ից հանրահավաքները կիրականացվեն 18։30-ից սկսած։