Ի՞նչ են ենթադրում Հանրակրթության մասին օրենքի փոփոխությունները. քննարկում վարչապետի մոտ

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ՀՀ վարչապետին մանրամասն ներկայացրել է նախագիծը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է Հանրակրթության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական նախագիծը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Հանրակրթության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական նախագիծի մասին խորհրդատվություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ (24 նոյեմբերի, 2021թ․). Երևան
Նշվում է, որ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մանրամասն ներկայացրել է նախագիծը՝ նշելով, որ այն նախատեսում է ուսուցիչների ատեստավորման, խրախուսման, մասնագիտական կարողությունների զարգացման նոր գործիքների ներդրում:
ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը Հանրակրթության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական նախագիծի մասին խորհրդատվության ժամանակ (24 նոյեմբերի, 2021թ․). Երևան
Ընդգծվել է, որ փոփոխությունները միտված են հանրակրթության կառավարման ուղղությամբ առավել արդյունավետ և ճկուն մոտեցումների կիրառմանը, ուսուցիչների գործունեության համար առավել նպաստավոր պայմանների ներդրմանը, հանրակրթության ոլորտում ծախսերի, դպրոցների կառավարման արդյունավետության բարձրացմանը:
Նախագծի քննարկումից հետո եղել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ, որոնք հաշվի առնելով էլ այն կլրամշակվի:
Փաշինյանն իր հերթին կարևորել է հանրակրթության ոլորտում շարունակական և արդյունավետ բարեփոխումները՝ ընդգծելով, որ կրթության որակի բարձրացումը կառավարության առաջնահերթություններից մեկն է:
ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը
Հիշեցնենք` այս օրենքի նախագծի ամենաշատ քննարկված կետերից մեկը դարձավ մասնագիտական կրթություն չունեցող անձանց դասավանդելու թույլտվություն տալը։
Մասնագետների բացի պատճառով 2019-20թթ.–ին Հայաստանի 32 դպրոցում ֆիզիկա և քիմիա առարկաները չեն դասավանդվել։
Ըստ նախագծի` առնվազն 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը չհամալրվելու պարագայում այդ տեղի համար կարող է դիմել նաև մասնագիտական կրթություն չունեցող անձը։ Սակայն դիմողը պետք է անցնի ԿԳՄՍՆ-ի մշակած պետական ծրագիրը, որից հետո միայն մասնակցի մրցույթին։