ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. Այսօր որոշ ժամանակով կաթվածահար է եղել Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը։
«Ազատ կամք» նախաձեռնության անդամ Վահագն Չախալյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութում երևում է, թե ինչպես են մետրոյի «Երիտասարդական» կայարանում մարդիկ կանգնել վագոնների դռների միջև՝ թույլ չտալով, որ գնացքները շարժվեն։
Մոտ 5 րոպե հետո կազմակերպիչները հայտարարել են բողոքի ակցիայի ավարտի մասին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին, վաղ առավոտից մի շարք ուժեր բողոքի ակցիաներ էին իրականացնում Երևանի Տիգրան Մեծ, Բաղրամյան, Արշակունյաց, Մյասնիկյան պողոտաներում։ Ժամը 17։00–ին նրանք միասնական հանրահավաք իրականացրին Հանրապետության հրապարակում։
Հանրահավաքներ ու երթեր են եղել նաև նոյեմբերի 23-ին։
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից կանխել սահմանագծման և սահմանազատման ցանկացած հակահայկական ծրագիր, թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն, լիարժեք զինել առաջնագիծն ու պաշտպանել երկրի տարածքային ամբողջականությունը։
Նոյեմբերի 24-ից հանրահավաքները կիրականացվեն 18։30-ից սկսած։