Բուլղարիայում ավտոբուսի վթարի պատճառ կարող էին դառնալ տեխնիկական անսարքությունն ու մարդկային սխալը։ ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ, Ազգային քննչական ծառայության ղեկավար Բորիսլավ Սարաֆովը` անդրադառնալով այսօր տեղի ունեցած ավտոբուսի վթարին, որի հետևանքով բազմաթիվ զոհեր են եղել։
«Դեռ պետք է նմուշներ վերցնեն, որպեսզի պարզեն զոհվածներից յուրաքանչյուրի ինքնությունը»,–նրա խոսքը մեջբերում է Nova հեռուստաալիքը։
Նա այդ վթարն անվանել է «մասշտաբներով աննախադեպ ողբերգություն»։
Քննչական ծառայության ղեկավարը ճշտել է, որ դեռևս հստակ տեղեկություն չկա այն մասին, թե արդյոք այրված ավտոբուսում եղել են Բուլղարիայի քաղաքացիներ:
Սարաֆովը նշել է, որ ավտոբուսում եղել է 52 մարդ, որոնցից 45-ը, այդ թվում ՝ 12 երեխա, զոհվել են: 7 ուղևոր հոսպիտալացվել է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Հիշեցնենք` վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 03:00-ին (Երևանի ժամանակով ժամը 05:00-ին,– խմբ.) Սոֆիա-Բլագոևգրադ մայրուղու31-րդ կիլոմետրում: 52 մարդ տեղափոխող ավտոբուսը նախօրեին երեկոյան հատել էր Բուլղարիայի սահմանը` Ստամբուլից ուղևորվելով Հյուսիսային Մակեդոնիա։ Վարկածներից մեկի համաձայն՝ բախման պատճառով ավտոբուսի դռներն արգելափակվել են, և մարդիկ չեն կարողացել ինքնուրույն դուրս գալ:
Զոհերի թվում է ավտոբուսի վարորդը։