Ադրբեջանում անհիմն մեղադրանքներով դատապարտված են 40 հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք

Վիգեն Էուլջեքչյանի դատավարությունը Բաքվում. Արխիվային լուսանկար
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը զեկույց է հրապարակել, որտեղ գերիների մասին տեղեկություններ կան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. Այս պահին Ադրբեջանում անհիմն մեղադրանքներով դատապարտված են 40 հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք։ Տեղեկությունը հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը` հավելելով, որ պաշտպանի աշխատակազմը հրապարակել է զեկույց Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց՝ կեղծ մեղադրանքների վրա հիմնված հետապնդումների և դատավարությունների վերաբերյալ։
Ի՞նչ է նշանակում գերի ընկնել. Փաշինյանը վստահեցնում է` հնարավոր չէ չկրակելու հրաման տրվի
«Կազմակերպված 45 ապօրինի, անհիմն ու շինծու դատավարությունների հետևանքով 3 անձ (մեկը՝ քաղաքացիական) դատապարտվել է 20 տարվա, 2 քաղաքացիական անձ՝ 15 տարվա, 23 անձ՝ 6 տարվա, 2 անձ՝ 4 տարվա, 13 անձ՝ 6 ամսվա ազատազրկման։ 2 հայ ռազմագերիների նկատմամբ շինծու քրեական գործերի նյութերն գտնվում են Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանում»,–նշված է զեկույցում։
Ապօրինի դատավարությունների ենթարկված հայ ռազմագերիներից 5-ը 2021թ․ հոկտեմբերի 19-ին հայրենադարձվել են։
Ադրբեջանցիները 12 հայ զինծառայողի են գերի վերցրել. ՊՆ
Զեկույցում ներկայացված են տվյալներ հայ ռազմագերիների և քաղաքացիական գերեվարված անձանց նկատմամբ կազմակերպված շինծու և անօրինական դատավարությունների վերաբերյալ, որոնք «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» և «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևի կոնվենցիաների կոպտագույն խախտումներ են։
Հավելենք, որ այսօր Արցախի ԱԱԾ–ն հայտնել էր` Արցախի Մարտունու շրջանի Աշան համայնքի բնակիչներից մեկը մոլորվել է ու հայտնվել Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում։