Օրենքում բաց կա. Չարչյանի գործով պաշտպանը միջնորդեց դիմել ՍԴ

Արմեն Չարչյան. Արխիվային լուսանկար
Պետք է դիմել ՍԴ, որպեսզի պարզ դառնա` ի՞նչ է լինում անձեռնմխելիության հետ այն դեպքում, երբ քրգործով անցնողը պատգամավորական մանդատ է ստանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Պրոֆեսոր, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի դեմ հարուցված քրեական գործով Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի դատարանը դիմի Սահմանադրական դատարան։
Նիստն ընթանում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ։ Չարչյանին ծափողջյուններով դիմավորեցին։
Բժիշկներից մեկը հրաժարվել է Չարչյանի առողջական վիճակը քննող հանձնաժողովում ընդգրկվել
Ալեքսանյանը նշեց, որ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարելի է սկսել միայն ԱԺ համաձայնությամբ։ Բացի այդ, առանց ԱԺ համաձայնության չի կարող անձը զրկվել ազատությունից։ Սակայն, ըստ փաստաբանի, քրեական դատավարության օրենսգրքում նախատեսված չէ կառուցակարգ, թե ինչ է լինում այն դեպքում, երբ քրեական հետապնդման ժամանակ է անձը պատգամավոր դառնում և անձեռնմխելիության կարգավիճակ ձեռք բերում։
Ովքեր կլինեն Չարչյանի առողջական վիճակը քննող փորձագետները. 5-ի անունները հայտնի են
«Քրեական դատավարության օրենսդրությունը նախատեսում է ընդհանուր կառուցակարգ մինչդատական վարույթում։ Օրինակ` գլխավոր դատախազը պետք է դիմի ԱԺ` թույլտվություն ստանալու, որպեսզի քրեական հետապնդում սկսվի պատգամավորի նկատմամբ։ Սակայն դատական քննության ժամանակ, երբ անձի դեմ քրգործ է հարուցվել և դրանից հետո է նա պատգամավոր դարձել, չկա ընթացակարգ այդ հետապնդումը հաղթահարելու համար։ Ուստի միջնորդում եմ դատարանին, որպեսզի նա ՍԴ դիմի»,–ասաց Ալեքսանյանը` հավելելով, որ օրենքի բաց կա։

Փաստաբանը միջնորդեց դատարանին քրեական դատավարության 51-րդ (քրեական գործով վարույթի կասեցման հիմքերը) և 35-րդ (քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքները) հոդվածների սահմանադրականությունը որոշել` դիմելով ՍԴ։

Դատավոր Վահե Միսակյանը հեռացավ խորհրդակցական սենյակ միջնորդության առնչությամբ որոշում կայացնելու։ Որոշման մասին դատավորը կհայտնի վաղը` նոյմեբերի 23-ին, ժամը 12-ին։
Դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Ալեքսանյանը նշեց, որ նման նախադեպ չկա, սակայն կարծում է` դատարանը որևէ կաշկանդվածություն չունի ՍԴ դիմելու, և հարցը բավական արդիական է։
Հիշեցնենք` հունիսի 18-ին համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ԱԺ ընտրությանը մասնակցել` ակնարկելով չքվեարկել գործող իշխանությունների օգտին։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվեց։
Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ տվեց քրեական հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Չարչյանը կալանավորվեց, ապա 15 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց։
Օգոստոսի 23-ին Չարչյանը կրկին կալանավորվեց։
Հոկտեմբերի 15-ին Էրիկ Ալեքսանյանը հայտնեց, որ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող պրոֆեսորի վիճակը ծանր է։