Թուրքական ազգայնական տարրը միշտ երազել է իրագործել թուրքական ազգային ծրագիրը` կյանքի կոչելով Մեծ Թուրանի գաղափարախոսությունը, իսկ Էրդողանը հանդիսանում է այդ գաղափարախոսության կրողը, ուստի նրա և ազգայնական Դևլեթ Բահչելի նկրտումները գալիս են դեռ երիտասարդական տարիքից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ Մհեր Աբրահամյանը։
«Վերջին ժամանակաշրջանում տեսնում ենք, որ Թուրքիան կամաց–կամաց փորձում է իր ազգային գաղափարախոսությունն իրականացնել և արցախյան վերջին պատերազմի արդյունքը Թուրքիայի համար կարծես հնարավորություն է ստեղծում կյանքի կոչել վերոհիշյալ գաղափարախոսությունը։ Վերջերս Ստամբուլում կայացավ թյուրքալեզու երկրների խորհրդի նիստը, որի ժամանակ խորհուրդն Էրդողանի առաջարկով վերանվանվեց թյուրքալեզու պետությունների կազմակերպություն։ Թուրքիայի նախագահը փորձում է ստեղծել կազմակերպություն, որում ընդգրկված երկրները կան նաև իրեն ընծայված քարտեզում, հետևաբար, նա ձգտում է իրականություն դարձնել այդ քարտեզը»,– նշեց թուրքագետը։
Աբրահամյանի դիտարկմամբ`Հայաստանը միշտ եղել է թուրքական ազգայնական քաղաքականության համար մի սեպ, և հենց թուրքական գործիչները տարբեր առիթներով Հայաստանն անվանել են սեպ թյուրքական աշխարհի միջև, հետևաբար` նրանք ցանկանում են լուծել Հայաստանի հարցերն ու նրան դուրս մղել իրենց ճանապարհից։ Ըստ նրա` Էրդողանի կողմից ղեկավարվող թուրքական ազգայնական տարրը Ադրբեջանին մղեց իրականացնելու Սյունիքի դեմ ուղղված սադրանքը, որպեսզի ուժի կիրառմամբ ունենան միջանցքը և Թուրքիան կապեն մյուս թյուրքալեզու պետությունների հետ։
«Այս պարագայում Հայաստանը, որպես միջազգային սուբյեկտ, վերջին երեք տարիներին հետզհետե դուրս է մղվում` կորցնելով իր ձայնը միջազգային տարբեր հարթակներում։ Այդ ֆոնին մեր տարածաշրջանում կտրուկ ակտիցավել է Թուրքիան, ինչը ձեռնոցի նետում է Ռուսաստանին, քանի որ այսպես կոչված «թյուրքական աշխարհի» քարտեզում ընդգրկված են նաև ՌԴ–ի ֆեդերատիվ մի քանի հանրապետությունները, որտեղ ապրում են թյուրքալեզու ժողովուրդներ»,– նշեց թուրքագետը։
Նրա կարծիքով` Ռուսաստանում վաղուց տեղյակ են թուրքական նկրտումների մասին և կիրառում են զսպող քայլեր, ինչի ականատեսը եղանք, օրինակ, 1990–ական թվականների առաջին կեսին, երբ արցախյան հաղթական պատերազմից հետո ՌԴ ԳՇ–ն հայտարարեց, որ թուրքական միջամտությունից հետո կարող է սկսվել երրորդ համաշխարհային պատերազմը, ուստի այսօր ևս Ռուսաստանը պետք է Թուրքիայի դեմ կիրառի կոշտ քայլեր`նրան ցույց տալով իր տեղը։
Նշենք, որ թուրքական «Ազգայնական շարժում կուսակցության» առաջնորդ Դևլեթ Բահչելին նոյեմբերի 17-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նվիրել է «թյուրքական աշխարհի» քարտեզը, որի վրա նշված են Ռուսաստանի Դաշնության որոշ շրջաններ:
Փետրվարին թուրքական հեռուստաալիքի եթերում արդեն ցուցադրվել է Stratfor-ի կանխատեսմամբ «թուրքական ազդեցության ընդլայնման» քարտեզը, որի վրա եղել են Ռուսաստանի հարավի տարածաշրջանները` ներառյալ Ղրիմը, Կուբանը, Ռոստովի մարզը:
Ղրիմի խորհրդարանում քարտեզն անհեթեթ են անվանել։