ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Այսօր՝ նոյեմբերի 19-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Կա մեկ զոհ, մեկ տուժած։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 19։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 57-ամյա Լևոն Մովսիսյանը իր վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի Փարաքար գյուղի վարչական տարածքում՝ Փարաքարի դպրոցի դիմաց, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի»,–գրում է կայքը։
Վրաերթի հետևանքով կին հետիոտնը տեղում մահացել է, իսկ աղջիկ հետիոտնը մարմնական վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է նախ «Աստղիկ» բժշկական կենտրոն, ապա «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242–րդ հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը,որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։
Կայքի տեղեկություններով՝ վարորդը եղել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր՝ «Շմայս» մականունով Առաքել Մովսիսյանի եղբայրը՝ «Լոլո» մականունով Լևոն Մովսիսյանը, որը դեպքից հետո ինքնակամ ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին։
Կայքի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորը մայր ու դուստր են։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են նրանց ինքնությունը։