Օրեր առաջ զոհված Արթուրը 44-օրյա պատերազմում էլ վիրավորվել, բայց վերքը թաց՝ հետ էր շտապել

Պայմանագրային զինծառայող Արթուր Մարտիրոսյանը Լոռու մարզից էր։ Նա որոշել էր հաջորդ տարի ամուսնանալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 16-ին ՀՀ արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով ծավալված մարտերի ընթացքում զոհված Արթուր Մարտիրոսյանը 44-օրյա պատերազմի մասնակից էր։ Նա Լոռու մարզի Անտառամուտ համայնքից էր։ Համայնքի ղեկավար Արայիկ Գևորգյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ Արթուրը պատերազմի ժամանակ վիրավորում է ստացել, սակայն «վերքը թաց»` նորից շտապել է առաջնագիծ։
Տպավորություն է, որ ՀՀ–ին Ադրբեջանի պայմաններին համաձայնելու ժամանակ է տրվել. Աբրահամյան
«Արթուրի ձեռքն էր վնասվել, ուղարկել էին բուժման, բայց կարճ ժամանակ անց ոչ մեկին չլսեց ու նորից առաջնագիծ մեկնեց` ասելով, որ ընկերներին մենակ չի թողնելու։ Ձեռքը նորմալ չէր լավացել էդ ժամանակ` այ, այդպիսի տղա էր մեր Արթուրը։ Մի ամիս առաջ մատաղ արեց` իր զինվորական ընկերներն էին եկել, բժիշկը»,–նշեց Գևորգյանը։
Արթուրը ծնվել է 1998-ի փետրվարի 8-ին, հաճախել Անտառամուտի հիմնական դպրոց։ Գևորգյանը պատմեց, որ Արթուրը Մատաղիսում է ծառայել, իսկ զորացրվելուց հետո 1 տարով Ռուսաստան արտագնա աշխատանքի է մեկնել։ Հայրենիք վերադառնալուց հետո պայմանագրային ծառայության է անցել։
Ադրբեջանի սադրանքներն ուղղված են պայմանավորվածությունների տապալմանը. Փաշինյան
Համայնքի ղեկավարի խոսքով` «գյուղի ամենաընտիր տղան էր։ Ամուսնացած չէր` 15 օր առաջ խոսում էի հետը, ասաց` մյուս տարի ամուսնանալու եմ, բայց ուրիշ բան չասաց` ամաչեց։ Արթուրին շատ լավ եմ ճանաչում` եղբորս տղայի դասընկերն էր, միասին էլ ծառայել էին... Մտածում էինք՝ գերի է ընկել, նման էր գերիներից մեկին։Զանգում էինք, անհասանելի էր միշտ ցույց տալիս»,–ասաց Գևորգյանը։
Նա նշեց նաև, որ Արթուրն ապրում էր ծնողների հետ, որոնք անասնապահությամբ, հողագործությամբ են զբաղվում։ Ուներ երկու քույր, մեկ եղբայր, քույրերն ամուսնացած են։
Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ. իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ
Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։ Նոյեմբերի 16–ին` ժամը 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։
Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ նոյեմբերի 16–ի էսկալացիայի հետևանքով թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր, հայկական կողմից կա 1 զոհ (1991թ. ծնված, պայմանագրային զինծառայող, շարքային Մերուժան Արթուրի Հարությունյան), 13 գերի։ Եվս 24 զինծառայողի հետ կապը մարտական գործողությունների ընթացքում կորել է, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։
Նոյեմբերի 16-ի մարտերից զոհված Տարոն Սահակյանը հրետանավոր էր, եղբայրն էլ զինվորական է
Նոյեմբերի 19-ին ՊՆ-ից տեղեկացրեցին, որ նոյեմբերի 16-ին ՀՀ արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների հարձակման հետևանքով ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմը, այս պահի տվյալներով, ունի 6 զոհ՝ 1990թ. ծնված, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյան, պայմանագրային զինծառայողներ՝ 1991թ. ծնված, կրտսեր սերժանտ Մերուժան Արթուրի Հարությունյան, 1990թ. ծնված, շարքային Գուրգեն Աշոտի Սարգսյան, 1998թ. ծնված, կրտսեր սերժանտ Արթուր Ջիվանի Մարտիրոսյան, 1980թ. ծնված, շարքային Դավիթ Հելբերտի Ամիրյան։