Որքան գումար է ծախսում պետությունը COVID-19-ի դեմ պայքարում. մանրամասնում է ԱՆ-ը

Առողջապահության նախարարությունը 2 ամսվա ընթացքում կորոնավիրուսի դեմ պայքարում ծախսել է 1 մլրդ 260 մլն դրամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կառավարության այսօր ընդունած որոշմամբ, ՀՀ առողջապահության նախարարությանը հատկացվել է լրացուցիչ 1.2 մլրդ դրամ գումար։ Որոշումն ընդունվել է առանց զեկուցման ու քննարկման, միաձայն քվեարկությամբ։
Կառավարության կայքում հրապարակված նախագծից, սակայն, պարզ է դառնում, որ այդ գումարը նախատեսված է կորոնավիրուսային վարակի արագ կանխարգելման, վերահսկման, բուժման և հաղթահարման նպատակով իրականացվող միջոցառումների ծախսերով։
Հայաստանում 28-ամյա ծննդկանը մահացել է կորոնավիրուսից
Նախագծում նաև մանրամասն ներկայացված է, թե այդ գումարից որ մասն ինչի վրա է ծախսվելու։ Այսպես` 530 մլն դրամը փոխանցվելու է բժշկական կենտրոններին` սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին մատուցված ծառայությունների դիմաց։ Ընդ որում` 150 մլն դրամը` սեպտեմբերի, 380 մլն–ը` հոկտեմբերի համար։
625 մլն դրամը կորոնավիրուսի դեմ պատվաստումներ իրականացնող բուժանձնակազմի լրավճարներն են (520 մլն-ը` հոկտեմբերին, 105–ը` սեպտեմբերին):
1019 նոր դեպք, 30 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
Բացի այդ, նույն ժամանակահատվածում ՀՀ–ը չինական «Սինոֆարմ» ընկերությունից 100 000 հատ ՊՇՌ թեստ է գնել, որի արժեքը կազմել է 97 մլն դրամ, իսկ տեղափոխումը` Պեկին - Մոսկվա - Երևան` 8 մլն դրամ։
Արդյունքում, միայն վերջին 2 ամսվա ընթացքում ՀՀ–ը COVID-19–ի դեմ պայքարում ծախսել է 1 մլրդ 260 մլն դրամ, որը կառավարության այսօրվա որոշմամբ առաջիկայում կփոխանցվի առողջապահության նախարարությանը։
Հավելենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1019-ով և դարձել 331914: