ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նախագիծ, համաձայն որի` մարտական գործողությունների մասնակիցներից և նրանց հարազատներից ԴԱՀԿ–ի կատարողական գործողությունների կատարման ծախսեր չեն գանձվի։
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը նույն արտոնությունները սահմանում է նաև զոհված, հաշմանդամություն ձեռք բերած, անհետ կորած կամ մահացած ճանաչված անձի, նրա ամուսնու, զավակի, ծնողի, տատի, պապի, քրոջ կամ եղբոր համար, որի նկատմամբ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ստանձնած վարկային պարտավորությունների կապակցությամբ հարուցված կատարողական վարույթները պարտքը ներելու հիմքով սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով կարճվել են։
Որոշումն ընդունվեց 58 կողմ ձայնով։
Հիշեցնենք` ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանը նոյեմբերի 16-ին ԱԺ նիստում նշել էր, որ 1998–ին ընդունված գործող օրենքում վարկային պարտավորությունները չգանձելու հիմքերում ռազմական գործողություններին մասնակցելը, դրանց հետևանքով հաշմանդամություն ձեռք բերելն ու զոհվելը նախատեսված չեն։
Նախորդ նիստին ընդգծվել էր նաև, որ կառավարությունը վիճակագրություն չունի, թե հիշյալ կարգավիճակ ունեցող անձանցից քանիսն են արդեն վճարել պարտքերը։