ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Կառավարության սուբվենցիոն ծրագրի շրջանակում Գյումրի քաղաքի համար ձեռք կբերվի 63 միկրոավտոբուս` ներքաղաքային տրանսպորտային պարկը թարմացնելու համար։ Այս մասին այսօր կառավարության նիստում ծրագրի ներկայացման ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքերի նախարար Գնել Սանոսյանը։
«Միկրոավտոբուսների մի մասը հարմարեցված է հաշմանդամություն ունեցող մեր հայրենակիցների համար։ Մրցույթի արդյունքում ընդհանուր գումարը 887 մլն դրամ է կազմել, որի 50 տոկոսը վճարելու է Գյումրու համայնքապետարանը, 50 տոկոսը` 441 մլն դրամը` պետությունը»,– ասաց Սանոսյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ 2021թ–ին համայնքներում շուրջ 47 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր են իրականացվում , իսկ 2018թ–ից ի վեր շուրջ 80 մլրդ դրամի ծրագրեր են իրականացվել։
Նա նաև նշեց, որ բացի սուբվենցիոն ծրագրերից, պետությունը համայնքներում նաև ուղիղ ներդրումներ է արել, որոնց շրջանակներում 2018թ–ից ի վեր համայանքներին 86 մլրդ դրամ է տրամադրվել։
Նշենք, որ սուբվենցիոն ծրագրերը հիմնականում ուղղված են համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը, բնակավայրերի գազաֆիկացմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգմանը՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ: