ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը Գորիս–Կապան, Կապան–Ճակատեն ավտոճանապարհների հատվածում առաջիկում ևս երկու տաքացման կետ կտեղադրի։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը։
«Շուռնուխում արդեն 1 տարի է ունենք տաքացման մեկ կետ, և մեր աշխատակիցներն աջակցում են շուռնուխցիներին։ Երեկ Աղավնոյի հատվածում էլ տաքացման կետ ենք տեղադրել։ Տաքացման կետեր ենք նախատեսել տեղադրել Վերին Խոտանան գյուղի հատվածում և Տաթևից Կապան գնացող մայրուղու հատվածում։ Այդ տաքացման կետերում լինելու են առաջին բուժօգնության միջոցներ»,–ասաց նախարարը։
Բացի այդ, ըստ Փիլոյանի, առաջիկա երկու օրվա ընթացքում ամենագնացներ կտեղափոխեն այդ հատված, որոնց միջոցով կկարողանա խցանումների ժամանակ մարդկանց օգնել` առաջին օգնություն ցուցաբերել, տաքացման կետ տեղափոխել։ Իսկ վթարների ժամանակ մեքենաներին տեղից կհեռացնեն քարշակները։
Նախարարը նշեց նաև, որ այժմ ԱԻՆ–ի մեքենաները Սյունիքի մարզի Բարձրավան, Որոտան, Շուռնուխ հատվածում մշտապես աշխատում են, օգնում բնակիչներին` ապահովելով նրանց կենսական կարիքները։
Հիշեցնենք, որ ադրբեջանցիները անցակետեր են տեղադրել Գորիս-Կապան ու Ճակատեն-Կապան ճանապարհներին։ Դրանից հետո Բարձրավան, Շուռնուխ և Որոտան գյուղերը գրեթե մեկուսացման մեջ են հայտնվել։