Ո՛չ ավելի խորացել են, ո՛չ էլ չեն խորացել. Փաշինյանը` կորցրած տարածքների ու դիրքերի մասին

ՀՀ վարչապետի մեկնաբանմամբ` 2021թ–ի մայիսի 12-ից առաջ էլ ՀՀ 41 ք/ կմ տարածք եղել է Ադրբեջանի վերահսկողության ներքո` արցախյան առաջին պատերազմի հետևանքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանի սանձազերծած վերջին օրերի ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ տարածքից նոր կորուստներ չեն գրանցվել։ Այսօր ԱԺ–ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ մեկնաբանեց նախօրեին հնչած հայտարարությունն այն մասին , որ 2021թ–ի մայիսի 12-ից հետո Ադբեջանը Հայաստանից 41 քառ կմ տարածք է օկուպացրել։

«Երեկվա գործողությունների հետևանքով այս բալանսը որևէ ձևով չի փոխվել։ Այսինքն` մայիսի 12-ից հետո մի շաբաթ առաջ էլ էր այդ նույն 41 քառ կմ–ը, երեկվա գործողության արդյունքում էլ է նույնը»,– ասաց նա։

Ինչ վերաբերում է հայկական կողմի կորցրած դիրքերի մասին տեղեկություններին, վարչապետը պարզաբանեց, որ մայիսի 12-ից հետո հայ–ադրբեջանական սահմանագծին երկու կողմերի դիրքերի բաշխվածությունն անընդհատ փոփոխվում է։
Ի՞նչ է նշանակում գերի ընկնել. Փաշինյանը վստահեցնում է` հնարավոր չէ չկրակելու հրաման տրվի
«Մենք ենք գնում ուրիշ տեղ դիրք դնում, որի արդյունքում իրենց ինչ–որ դիրքերի գոյությունն անիմաստ է դառնում, հանում են, տանում ուրիշ տեղ դնում` այդ նույն տարածքի մեջ։ Ըստ էության, ո՛չ ավելի խորացել են, ո՛չ էլ չեն խորացել»,– ասաց նա։
Փաշինյանը նաև շեշտեց, որ 2021թ–ի մայիսի 12-ի առաջ էլ ՀՀ 41 քառ կմ տարածք եղել է Ադրբեջանի վերահսկողության ներքո` արցախյան առաջին պատերազմի հետևանքով։
«Մենք այդ տարածքները կոնկրետ գիտենք` կոնկրետ տեղերով, կոնկրետ հատվածներով և այլն։ Պետք է ասել, որ առաջին պատերազմի արդյունքներով նաև Սովետական Ադրբեջանի տարածքներ կան, որոնք գտնվել և գտնվում են Հայաստանի վերահսկողության ներքո։ Եվ, ըստ էության, այս հանգամանքների բերումով է, որ շատ կարևոր է սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացը։ Որովհետև, երբ որ ասվում է, որ Ադրբեջանը մեր տարածքներն օկուպացրել է, ինչը ճշմարտություն է, միջազգային հանրության ռեակցիան հետևյալն է` այո, այդպես է, բայց այնպես չէ, որ այդտեղ բալանս կա։ Տարածքներ կան, որ ձեր վերահսկողության ներքո են, բայց պիտի չլինեին, և կան տարածքներ, որ Ադրբեջանի վերահսկողության ներքո են, բայց պիտի չլինեին` հանգամանքներից ելնելով»,– ասաց Փաշինյանը։
«Անգեղակոթը սարի պես գյուղ ա, թուրք երբեք չի մտել». բնակիչները չեն պատրաստվում լքել գյուղը
Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։
Արդյունքում հայկական կողմը 2 մարտական դիրք կորցրեց, ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հայտնեց 12 հայ զինծառայողի գերեվարման և մեկ զոհի մասին:
Նոյեմբերի 16–ին` ժ. 22։30–ի սահմաններում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։
Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ նոյեմբերի 16–ի էսկալացիայի արդյունքում թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր, հայկական կողմից կա 1 զոհ, 13 գերի։ Եվս 24 զինծառայողի հետ կապը մարտական գործողությունների ընթացքում կորել է, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։