ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը կոչ է անում միջազգային գործընկերներին խստորեն դատապարտել տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը լրջորեն վտանգող Ադրբեջանի գործողությունները։ Ինչպես հայտնում է Վատիկանում Հայաստանի դեսպանությունը, տեղական լրատվամիջոցներում նման հայտարարությամբ է հանդես եկել Սուրբ աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը։
«Միակ լուծումը Հայաստանի Հանրապետության տարածքից ադրբեջանական զինված ուժերի անվերապահ և ամբողջական դուրսբերումն է։ Մինչ Ադրբեջանը խոսում է խաղաղության մասին, այդ երկրի զինված խմբավորումները հարձակումներ են գործում Հայաստանի սահմանի արևելյան ուղղությամբ և ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք՝ հանգեցնելով մարդկային կորուստների ու ավերվածությունների»,–ասել է Նազարյանը։
Նրա խոսքով` սա հայկական տարածքներն օկուպացնելու ադրբեջանական կողմի հետևողական քաղաքականության շարունակությունն է, որը սկիզբ է դրվել այս տարվա մայիսին Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր ներթափանցմամբ։
Դեսպանը նաև հավելել է, որ Հայաստանը, ՄԱԿ-ի Կանոնադրության համաձայն, իրավասու է բոլոր միջոցներով ետ մղել իր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուժի կիրառումը։
Նազարյանն իր մեկնաբանություններում անդրադարձել է հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց հարցին ու նշել, որ կարևորվում է միջազգային գործընկերների, այդ թվում` Սուրբ աթոռի կողմից երկկողմ և բազմակողմ հարթակներում հարցը շարունակաբար վերհանելը։
Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։ Արդյունքում հայկական կողմը 2 մարտական դիրք կորցրեց։ Նոյեմբերի 16–ին` ժամը 18։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։
Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ նոյեմբերի 16–ի էսկալացիայի հետևանքով թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր, հայկական կողմից կա 1 զոհ, 13 գերի։ Եվս 24 զինծառայողի հետ կապը մարտական գործողությունների ընթացքում կորել է, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։