Փախստականների ճամբարում իրավիճակը հանկարծակի սրվել է. միգրանտները սկսել են կոտրել չեզոք գոտու պատնեշն ու քարեր նետել լեհերի ուղղությամբ: Լեհ ուժայինները պատասխան միջոցներ են ձեռնարկել՝ արցունքաբեր գազ կիրառելով։ Տեղեկությունը փոխանցում է @SPUTNIKBY-ն։
Գործի են դրվել նաև լուսաձայնային նռնակներ ու ջրցան մեքենաներ, միգրանտներին փորձում են հետ մղել բելառուսական տարածք:
Փախստականները ստիպված էին ճամբարի խորքերը վերադառնալ։
Բելառուս պատգամավորներւ լեհ ուժայինների գործողությունների կապակցությամբ ուզում են դիմել միջազգային կառույցներին։ Տեղեկությունը Sputnik-ին հայտնել է Բելառուսի խորհրդարանի ստորին պալատի միջազգային գործերի հանձնաժողովի փոխնախագահ Օլեգ Գայդուկևիչը:
«Պետք է դիմել ՄԱԿ, այլ միջազգային կառույցներ, քրեական գործ հարուցել այն բանից հետո, երբ լեհ ուժայինները սկսել են գազով թունավորել երեխաներին ու հղի կանանց», - ասել է Գայդուկևիչը:
Նոյեմբերի 8–ին Բելառուսի պետական սահմանային կոմիտեն հայտնել էր, որ փախստականների մի մեծաթիվ խումբ, հիմնականում՝ քրդեր, ճանապարհ են ընկել դեպի Լեհաստանի հետ սահման: Սահմագածին՝ լեհական պատնեշների առջև, կանգ է առել ավելի քան 2 հազար փախստական, այդ թվում՝ զգալի թվով կանայք և երեխաներ, նրանք տարերային ճամբար են հիմնել Գրոդենսկի մարզի «Բրուզգի» սահմանային անցակետի մոտակայքում։
Լեհաստանի ուժայինները նրանց թույլ չեն տալիս անցնել. Բելառուսից ժամանողներին փախստական չեն համարում, միգրանտներն էլ իրենց հերթին արգելապատնեշները հաղթահարելու փորձ են արել։
Բելառուսում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Մուլուսեու Մամոն, որն այս շաբաթ այցելել է տարերային ճամբար, ասել է, որ բելառուսա-լեհական սահմանին Մերձավոր Արևելքից փախստականների հետ կապված իրավիճակն աղետալի է։