ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Իրաքի շուրջ 200 քաղաքացի համաձայնել է հայրենիք վերադառնալ բելառուսա-լեհական սահմանից։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Իրաքի ԱԳՆ ներկայացուցիչ Ահմադ աս-Սահհաֆի խոսքով՝ այս պահին 170 հոգի կամավոր հայրենիք վերադառնալու ցանկություն է հայտնել, տրվել է 55 տարանցիկ անձնագիր։
Արտաքին քաղաքական գերատեսչության աշխատակիցը նաև հայտնել է, որ իրենք շփվում են Մինսկի օդանավակայանի ղեկավարության հետ՝ արտագնա չվերթ կազմակերպելու համար: Թռիչքը պլանավորված է նոյեմբերի 18-ին։
Ավելի վաղ Ռուսաստանում Իրաքի դեսպանատունը հայտնել էր, որ մոտ 200 իրաքցի խնդրում են Բելառուսից հայրենադարձվել։
Նոյեմբերի 8–ին Բելառուսի պետական սահմանային կոմիտեն հայտնել էր, որ փախստականների մի մեծաթիվ խումբ, հիմնականում՝ քրդեր, ճանապարհ են ընկել դեպի Լեհաստանի հետ սահման: Սահմագածին՝ լեհական պատնեշների առջև, կանգ է առել ավելի քան 2 հազար փախստական, այդ թվում՝ զգալի թվով կանայք և երեխաներ, նրանք տարերային ճամբար են հիմնել Գրոդենսկի մարզի «Բրուզգի» սահմանային անցակետի մոտակայքում։
Լեհաստանի ուժայինները նրանց թույլ չեն տալիս անցնել. Բելառուսից ժամանողներին փախստական չեն համարում, միգրանտներն էլ իրենց հերթին արգելապատնեշները հաղթահարելու փորձ են արել։
Բելառուսում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Մուլուսեու Մամոն, որն այս շաբաթ այցելել է տարերային ճամբար, ասել է, որ բելառուսա-լեհական սահմանին Մերձավոր Արևելքից փախստականների հետ կապված իրավիճակն աղետալի է։