Անկանխիկ առևտուրը հարմար է, բայց թանկ. ԱԺ–ն քննարկում է ԿԲ–ի առաջարկած նախագիծը

Պատգամավորը ԿԲ–ին առաջարկեց նոր կարգավորումը կյանքի կոչելու ու լիարժեք կիրառելու համար վերանայել բանկային միջնորդավճարների չափերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. 2022թ–ի հունվարի 1-ից Հայաստանում 300 000 դրամը գերազանցող գործարքները կիրականացվեն բացառապես անկանխիկ եղանակով։ Կենտրոնական բանկի օրենսդրական նախաձեռնությունն արդեն ներկայացվել է խորհրդարանի դատին։
ՌԱԴԻՈ
Անկանխիկ վճարումները թույլ են տալիս որոշակիորեն կանխել ստվերային շրջանառությունը. Ֆանյան
ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը, հայտնեց, որ նոր կարգավորումը վերաբերելու է ինչպես թանկարժեք գնումներին, այնպես էլ տարբեր ծառայությունների դիմաց գանձումներին, բուժհաստատություններում, բուհերում կատարվող վճարումներին, աշխատավարձերին, ինչպես նաև այլ վճարումներին։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն արձանագրեց, որ Հայաստանում չափահաս բնակչության մեծ մասն ունեն բանկային քարտեր, աշխատավարձն ու այլ եկամուտները ստանում են քարտերով, բայց ինչ–ինչ պատճառներով առևտուր անում են ոչ թե քարտով, այլ նախ դրանից գումար են հանում, հետո այդ գումարը կանխիկ վճարում։

«Պատճառն այն է, որ երբ դու գնում ես քարտով առևտուր անելու, պարզվում է, որ այդ պահին ինտերնետ կապ չկա, օրինակ, կամ քարտը չի սպասարկվում։ Իսկ այդ պատասխանն ինչո՞ւ է հնչում` որովհետև 5 տոկոս շրջանառության հարկով աշխատող խանութի համար երբ որ դու «Վիզա» կամ «Մաստեր», էլ չեմ ասում` «Ամերիկան էքսպրես» քարտով առևտուր ես անում, վրան 2-3 տոկոս գումար է ավելանում, ու ստացվում է, որ այդ մարդու 5 տոկոս շրջհարկը դառնում է 7-8 կամ 9 տոկոս»,– ասաց Թունյանը։

Պատգամավորը ԿԲ–ին առաջարկեց նոր կարգավորումը կյանքի կոչելու ու լիարժեք կիրառելու համար վերանայել միջնորդավճարների չափերը։