ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել ՀՀ-ին ու Ադրբեջանին թուլացնել լարվածությունը

Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի ակնհայտ սադրանքների դեպքում թե ադրբեջանական, թե հայկական կողմերին կոչեր անելու միջազգային գործելակերպը համազոր է անտարբերության և հանձնառության բացակայության։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ ԱՄՆ-ից Էնդրյու Շոֆերը, ՌԴ-ից Իգոր Խովաևը և Ֆրանսիայից Բրիս Ռոքֆեյը հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին «կոնկրետ քայլեր ձեռնարկել իրավիճակի անհապաղ դեէսկալացիայի համար»։
Հայտարարությունում նշվում է, որ համանախագահները խորը մտահոգությամբ են դիտարկում տարածաշրջանում տեղի ունեցած վերջին միջադեպերը, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով:
Պատերազմներով անցնող խաղաղության ճանապարհը, կամ Ադրբեջանը զինվեց համբերությամբ և ոչ միայն
«Համանախագահները նաև կոչ են անում կողմերին ձեռնպահ մնալ լարվածությունը սրող հռետորաբանությունից և սադրիչ գործողություններից և ամբողջությամբ կատարել այն պարտավորությունները, որոնք ստանձնել են նոյեմբերի 9-ի հայտարարության և հրադադարի մասին համատեղ համաձայնեցված այլ պայմանավորվածությունների շրջանակում», - նշված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ վերջերս արտահայտվող լարվածությունն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող մնացած հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը։
Համանախագահները կողմերին կոչ են անում հիմնվել Նյու Յորքում և Փարիզում համանախագահների հովանու ներքո կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հանդիպումների ընթացքում ձեռք բերված առաջընթացի վրա՝ շարունակելով անմիջական երկխոսությունը։
Ադրբեջանական անցակետն ու մեկուսացումը. Բարձրավանում հիվանդ երեխային դեղորայք է անհրաժեշտ
Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի ակնհայտ սադրանքների դեպքում թե ադրբեջանական, թե հայկական կողմերին կոչեր անելու միջազգային գործելակերպը համազոր է անտարբերության և հանձնառության բացակայության։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ զինծառայողներ առանց թույլտվության մոտեցել են Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիանին հարող ՀՀ պետական սահմանին, առաջացել ՀՀ տարածքով 1-ից մինչև 2 կմ, մոտեցել ՀՀ ԶՈՒ 4 մարտական դիրքերին, զենքի գործադրման սպառնալիքներով ՀՀ ԶՈՒ զինծառայողներին այդ տարածքներից հեռանալու պահանջ ներկայացրել։
Ավելի ուշ ՀՀ Անվտանգության խորհուրդը հայտարարեց, որ հայկական ուժերը դուրս են բերվել 4 մարտական հենակետերից։