ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Բաց տարածքում դիմակ դնելու ՀՀ առողջապահության նախարարի հրամանի դեմ գործը վարչական դատարանում է։
Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ, «Ազատ կամք» նախաձեռնության ղեկավար Արա Զոհրաբյանը։
Նշենք, որ 2021 թվականի հոկտեմբերի 28-ին ԱՆ ղեկավարի հրամանով սահմանվել է, որ բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր է։
«Առողջապահության նախարարի նշված հրամանի դեմ «Ազատ կամք» նախաձեռնության շրջանակներում դիմում է ներկայացվել վարչական դատարան: Դիմումն ընդունվել է վարույթ։ Ներկայացվել է նաև դիմումի ապահովման մասին միջնորդություն՝ մինչև գործի քննությունը մասնակի կասեցնել առողջապահության նախարարի հրամանի վիճարկվող դրույթը»,- նշել է Զոհրաբյանը և հավելել, որ այժմ սպասում են վարչական դատարանի արձագանքին:
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսային համավարակի հետ կապված սահմանափակումները երկարացվել են ևս 6 ամսով, դրանք կգործեն մինչև հուլիսի 11-ը։ Հանրապետությունում նաև ուժի մեջ է հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը։