ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն հրապարակել է Հայաստանի, Գերմանիայի և Ուկրաինայի վերաբերյալ իր եզրակացությունները։
Հայաստանի մասով Կոմիտեն մտահոգություն է հայտնել «երկրում խաղաղ հավաքների ազատության անհիմն սահմանափակումների, խաղաղ ցույցերին ոստիկանության միջամտության և ցուցարարների կամայական ձերբակալությունների վերաբերյալ։
Հայաստանին խորհուրդ է տրվել նվազեցնել ցույցերի ժամանակ ոստիկանների թիվը և հետաքննել ուժի կիրառման, կամայական ձերբակալությունների և կալանավորումների դեպքերրը:
Ինչ վերաբերում է դատարանների անկախությանը, Կոմիտեն մտահոգություն է հայտնել դրանց վրա իշխանության գործադիր և օրենսդիր ճյուղերի ազդեցության առնչությամբ։
ՄԱԿ–ի փորձագետները որոշակի կասկածներ ունեն ՀՀ–ում դատավորների ու դատախազների ընտրության, նշանակման և հեռացման ընթացակարգերի վերաբերյալ։
Հայաստանին առաջարկել են ապահովել դատավորների և դատախազների ազատությունը և զերծ մնալ նրանց աշխատանքին ցանկացած միջամտությունից։
Համեմատության համար նշենք, որ Ուկրաինայի պարագայում Մարդու իրավունքների կոմիտեն մտահոգություն է հայտնել լրագրողների և իրավապաշտպանների, կոռուպցիայի դեմ պայքարող մարտիկների և ԼԳԲՏ ակտիվիստների անվտանգության վերաբերյալ` իշխանությունների կոչ անելով պաշտպանել նրանց սպառնալիքներից, ճնշումներից, ահաբեկումներից ու հարձակումներից:
Իսկ Գերմանիային ՄԱԿ–ը կոչ է արել ձեռնպահ մնալ քաղաքացիներին լրտեսելուց։