ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկոյի նախկին կինը` Անահիտ Սիմոնյանն instagram–ում գրառում է արել, որտեղ ներկայացրել է Հայկոյի մահվանը հաջորդած իր ապրումները։
Նա նաև նշում է, որ Հայկոն էլ գիտեր, որ ինքն ուժեղ է, ու շատ կտխրեր՝ տեսնելով իրեն կոտրված ու անօգնական, ինչպիսին եղել է հիվանդանոցում նրա գտնվելու, նրա մահվան մասին լսելու ժամանակ։
«Հիմա ես հավաքել եմ ինձ եւ սկսում եմ ապրել նորովի․․․ Նորովի նայել աշխարհին, նորովի զգալ իմ երեխային, նորովի տեսնել այն ամենը, ինչ շրջապատում է ինձ, ցավոք, նորովի ապրել առանց նրա։ Ես ուզում եմ աշխարհը ցույց տալ երեխայիս, իմ աշխարհը , որտեղ չկա չարություն, նախանձ, կեղտ, ու չկան դատավորներ։ Իմ աշխարհում նա միայն բարին կտեսնի, իմ որդին կլինի հայրենասեր և իր հայրենիքի պաշտպան՝ կոփված կյանքի ցանկացած բարդության դեմ։ Ես ոչ ոքի թույլ չեմ տա մեզ նեղացնել», - գրում է Սիմոնյանը` հավելելով, որ Հայկոն պաշտել է իր որդուն, պաշտպանել նրան ցանկացած ձախողումից։
Հիշեցնենք` Հայկոն մահացել է սեպտեմբերի 29-ին, 48 տարեկանում։ Նա վարակվել էր կորոնավիրուսով և տևական ժամանակ գտնվում էր հիվանդանոցում։
Ավելի ուշ հայտարարվեց, որ նրա մահվան պատճառը կորոնվիրուսը չէր, այլ ունեցած այլ առողջական խնդիրները։