ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Գործադիրն առաջարկում է օրենսդրորեն արգելել վայրի կենդանական տեսակների օգտագործումը կրկեսներում: Հարցը քննարկվել է նոյեմբերի 12-ին, ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային ժողովի կայքից։
«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը: Նախագծերի փաթեթն արժանացել է պատգամավորների հավանությանը:
«Վայրի կենդանատեսակներից յուրաքանչյուրի թվաքանակի նվազումը կամ առավել ևս դրանց անհետացումը լուրջ վնաս են հասցնում կենսոլորտի պաշտպանական գործառույթին, խախտում էկոհամակարգի սնուցողական կապերն ու փոխազդեցությունները: Այդ պատճառով գործադիրը նման առաջարկ է անում»,- նշված է հաղորդագրությունում։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նախատեսվող լրացումներով կկիրառվի պատասխանատվություն, իսկ հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունով կամրագրվի կենդանական աշխարհի օգտագործման որոշ տեսակների համար բնօգտագործման վճարի գանձման հիմքը:
Ըստ նախագծի, սիրողական նպատակներով կենսաթոշակային տարիքի մարդկանց էլ կտրվի անվճար ձկնորսությամբ զբաղվելու արտոնություն:
«Պետական տուրքի մասին» օրենքում նախատեսվող լրացումներով պետական տուրք է սահմանվելու վայրի կենդանիների, կենդանական հավաքածուների ու առանձին նմուշներ արտահանելու և ներմուծելու թույլտվություններ տրամադրելու համար: Պետական տուրք է սահմանվելու նաև անազատ և կիսազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում՝ ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվության համար: