ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Երկու եղբայրներ Մեղրիի մաքսային անցակետի աշխատակիցների նկատմամբ բռնություն են գործադրել` սպառնացել են, քաշքշել և հարվածներ հասցրել նրանց։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն` հավելելով, որ եղբայրներից մեկը կալանավորվել է, իսկ մյուսը հետախուզվում է։
Պարզվել է, որ 2021թ. սեպտեմբերի 25-ին Ագարակի բնակիչը Մեղրիի մաքսային անցակետի մաքսային զննման գոտում խոչընդոտել էր իր մեքենան պարտադիր զննության ենթարկելու գործընթացը։ Նա վիճաբանել է ՊԵԿ–ի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների հետ, սպառնացել, քաշքշել և հարվածներ հասցրել նրանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
«Այնուհետև եղբոր հետ մտնելով ՊԵԿ–ի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածքային բաժնի պետի աշխատասենյակ, սպառնալով պահանջել և պարտադրել էր ավտոմեքենայի պարտադիր մաքսային զննում չկատարել։ Նա եղբոր հետ քաշքշել, ձեռքերով ու ոտքերով հարվածներ էր հասցրել նրա մարմնի տարբեր մասերին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Եղբայրներից մեկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը), իսկ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Մյուս եղբայրը նույն հոդվածով որպես մեղադրյալ է ներգրավվել, սակայն նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Որոշում է կայացվել վերջինիս վերաբերյալ մասը քրգործից անջատել և առանձին վարույթում շարունակել քննությունը: