ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի - Sputnik. «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանն ազատ է արձակվել։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռաֆայել Ամիրխանյանը։
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Ալեքսանդր Ազարյանի, բավարարել է պաշտպանի բողոքը` բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը, ինչի արդյունքում էլ Հայրապետյանն ազատ է արձակվել։
«Ի վերջո, արդարությունը հաղթեց, իսկ պարոն Ազարյանը ևս մեկ անգամ ապացուցեց, թե որն է իրական դատավորի բուն առաքելությունը` իսկական արդարադատություն իրականացնելը», - հայտնել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ նախորդ ամիս` հոկտեմբերի 23-ին էր հայտնի դարձել, որ Հայրապետյանը կալանավորվել է։ Նրան ձերբակալել էին հոկտեմբերի 22-ին։
Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նախկին պատգամավորը 2016–ի մայիսի 9-ին Եղվարդի խճուղում վիճաբանության է բռնվել մի խումբ անձանց հետ ու ծեծել Երևանի բնակիչ Վաղինակ Սահակյանին: Հայրապետյանը հարվածել է Սահակյանի դեմքին, զրկել ձախ աչքից։
Նշված դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի ընթացքը հօգուտ իրենց լուծելու համար, ըստ թերթի, Հայրապետյանը մի խումբ անձանց միջնորդությամբ իրավասու պաշտոնյաներին խոշոր չափի կաշառք է տվել, որի դիմաց թաքցվել է նշված դեպքին Հայրապետյանի մասնակցության փաստը, իսկ կատարված արարքը մեղսագրվել է ոմն Գևորգ Բայադյանին:
Օրաթերթը նաև գրել էր, որ գործով տուժողն անցած տարի մահացել է, և ստացվում է, որ գործով տուժողը չկա, նախկին պատգամավորի դեմ ցուցմունք տվող չկա։ Իսկ քրգործ հարուցելու պատճառը, ըստ թերթի, այն է, որ Հայրապետյանն այս տարվա խորհրդարանական ընտրություններին ներքին կարգով աշխատել է «Հայաստան» դաշինքի օգտին՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմի համար, և նրան որոշել են այսկերպ «պատժել»։
Հայրապետյանը ԱԺ պատգամավոր էր ընտրվել 2018 թվականի դեկտեմբերի 9-ին։