ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը Հայաստանից հեռանում է լավագույն տպավորություններով և ջերմ հիշողություններով։ Շարփն այդ մասին հայտնել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, տեղեկանում ենք նախագահականից։
Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին
© Photo : official site of the President of RA
Նշենք, որ Շոմբի Շարփն ավարտում է իր առաքելությունը Հայաստանում։
«Արդյունավետ համարելով ծրագրերը տարբեր ոլորտներում՝ Շարփը նշել է, որ մի շարք դեպքերում հայաստանյան փորձը հնարավոր է նաև որպես օրինակ ներկայացնել այլ երկրներում: Նա վստահություն է հայտնել, որ 2021-2025 թթ. ՄԱԿ-ի կայուն զարգացման գործընկերության շրջանակում Հայաստանի հետ ռազմավարական համագործակցությունը արդյունավետ շարունակություն կունենա»,–նշված է հաղորդագրության մեջ։
Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին՝ առաքելության ընթացքում արդյունավետ աշխատանքի, Հայաստանի և ՄԱԿ-ի կառույցների միջև համագործակցության զարգացման և տարբեր ոլորտներում ծրագրերի համար:Նախագահը հույս է հայտնել, որ նա կպահպանի կապերը Հայաստանի հետ:
Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես ընդունել են ՄԱԿ-ի մշտական համակարգողին։ Վարչապետը բարձր է գնահատել Շարփի կատարած աշխատանքը Հայաստանի և ՄԱԿ-ի կառույցների միջև համագործակցության զարգացման ուղղությամբ:
Նշենք, որ Շոմբի Շարփը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից 2018 թվականի մարտի 1-ին էր նշանակվել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող։