Բայց որքանով է դա գոնե նվազագույն գործնական արդյունքի հանգեցնելու, երբ փորձն արդեն ցույց է տվել՝ այդ մարդն էլ իրեն անվանարկողներին պառլամենտական բարձր ամբիոնից նույն բնորոշումներն է տալիս ու այդպես էլ ավարտվում է հերթական քաղաքական լեզվակռիվը։ Ոչ-ոքի։
Մինչդեռ շատ ավելի օգտակար կլիներ փորձել եթե ոչ գտնել այս մեկ տարվա ընթացքում տեղի ունեցածի պատճառները, ապա գոնե հստակ ու հասկանալի ձևակերպումներով շարադրել կուտակված հարցերը, որոնցից ամենակարևորը, թերևս, սա է՝ իսկ ի՞նչ է հիմա իրենից ներկայացնում աղճատված Արցախը։ Խոստովանենք՝ բոլորս կարծես թե խոսքներս մեկ արած, մի տեսակ խուսափում ենք այս սկզբունքային հարցին հստակ պատասխան տալուց։
Դրա հետ անմիջականորեն կապված ևս մի հարց՝ բա Մինսկի խմբի համանախագահների հետ հիմա ինչի՞ մասին ենք բանակցելու, երբ Բաքուն ամենակոշտ դիրքորոշումն է որդեգրել՝ չկա այլևս ոչ մի Լեռնային Ղարաբաղ, դա ընդամենը Ադրբեջանին պատկանող Զանգեզուրի անքակտելի մասն է։
Անկեղծ ասենք՝ նախկինում էլ մի առանձնապես չէինք հավատում, որ Լեռնային Ղարաբաղի հարցը հնարավոր է բանակցությունների միջոցով լուծել, բայց գոնե ասում էինք.
«Դե լավ, քանի դեռ բանակցությունները շարունակվում են, մեզ համար շահեկան ստատուս քվոն պահպանվում է։ Հիմա ի՞նչն ենք ուզում պահպանել։ Պահպանելու բան մնա՞ց։
Իհարկե, կան նաև հարցեր, որոնց պատասխանը հույս ունենք ստանալ, երբ իր աշխատանքը ավարտի խորհրդարանական հանձնաժողովը, որի նպատակն է լրիվ հստակություն մտցնել հենց այդ խնդրում՝ ինչու պարտվեցինք։ Դրա, այսպես ասած, առանցքային ենթահարցերից մեկն էլ սա է՝ այդ ինչպե՞ս եղավ, որ հայաստանցիների բոլոր հարցումների համաձայն մեր ժողովրդի ամենավստահելի կառույցը՝ բանակը, որն, ըստ պաշտոնական քարոզի, նաև ամենամարտունակն էր ողջ տարածաշրջանում, հակառակորդի հարձակմանը դիմացավ ընդամենը 44 օր, չնայած առանձին զինվորականներ և ստորաբաժանումներ իսկական հերոսության օրինակներ ցուցադրեցին։
Բայց, ախր, այդ հանձնաժողովը, որից բոլորը հարցերի պատասխաններ են ակնկալում, այսօր՝ պատերազմից մեկ տարի անց, չի էլ սկսել իր աշխատանքը։
Կան նաև հարցեր, որոնց պատասխանը առնվազն ես` չունեմ։ Ու չնայած բազմաթիվ տարաբնույթ, տրամաբանված բացատրություններ եմ լսել վերլուծական բարձր կարողություններ ունեցող մասնագետներից, ոչ մի կերպ չեմ կարողանում մինչև վերջ հասկանալ՝ լավ, ինչպե՞ս կարող էր նման պարտությունից հետո ընտրողների մեծ մասը արտահերթ խորհրդարանական ընտրություններում քվեարկել այն իշխանությունների օգտին, որոնց օրոք տեղի ունեցավ էնպիսի կորուստ, որի հետևանքով հակառակորդը ընդհուպ մոտեցավ բուն Հայաստանի սահմաններին և գրավեց ամենաբարենպաստ դիրքերը։
Երևի երբեք էլ չհասկանամ։
Սրա հետ կապված ևս երկու հարց կա, որոնց պատասխանները չունեցանք մեկ տարվա ընթացքում։ Առաջին հայացքից զուտ տեխնիկական խնդիրներ են՝ ինչպե՞ս և ի՞նչ հիմքի վրա են իրականացվելու երկու պետությունների միջև սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան։ Սա՝ մեկ։ Եվ երկրորդ՝ ինչպիսի՞ն են լինելու այն ուղիները, որոնցով միմյանց հետ են կապվելու Թուրքիան, Ադրբեջանը և Նախիջևանը՝ հենց Հայաստանի ինքնիշխան տարածքով։
Կարելի է միայն ենթադրել, որ առայժմ անպատասխան մնացած այս հարցերը նույնպես շատ բուռն արձագանք են գտնելու հայաստանյան հասարակությունում։
Էստեղից էլ վերջին հարցերից մեկը՝ առաջիկայում ո՞ր գործընթացն է ամենից արագ թափ հավաքելու՝ զանգվածային բողոքի՞, թե՞ գանգվածային արտագաղթի։
Համաձայնե′ք, կանխատեսում անելը չափազանց դժվար է, քանզի մի կողմից ընդդիմությունը կրկին մարդկանց հավաքում է Ազատության հրապարակում և դիմադրության նոր շարժում սկսելու առաջարկ անում, բայց մյուս կողմից մասնագետները համակարծիք են՝ նման ահավոր արտագաղթ Հայաստանից չէր եղել 90-ականների սկզբներից ի վեր։
Եվ վերջին սկզբունքային հարցը, որի իրական պատասխանը երևի թե կարող է տալ միայն ժամանակը։ Խոսքը նոր պատերազմի հավանականության մասին է։
Ղարաբաղյան առաջին մեծ պատերազմից հետո քմծիծաղ էինք տալիս, երբ Ադրբեջանից պնդումներ էին հնչում, թե հայերը նոր պատերազմ են ուզում։ Արդարացիորեն ասում էինք՝ ախր մեր ինչի՞ն է պետք։ Հիմա՝ պարտությունից հետո, շատ ավելի մանրամասն բացատրում ենք՝ մեզ պատերազմ պետք չէ, որովհետև խաղաղության դարաշրջան ենք ուզում սկսել տարածաշրջանում։
Համաձայնե′ք, շատ գեղեցիկ գաղափար է, ուղղակի չգիտես որտեղից և ինչու, բավական տարօրինակ մտահոգություն է ծնվում՝ իսկ արդյոք այդ խաղաղությունը մեզ ձեռնտու է լինելու։