ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօր գրավոր ընթացակարգով որոշում է կայացրել, որով հավանություն է տվել ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավորների թվակազմը 15 –ով ավելացնելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 5-ի առաջարկությանը։
Արդյունքում Քաղաքացիական և Քրեական վերաքննիչ դատարանների դատավորների թվակազմն ավելացվել է 6–ական դատավորով, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորներինը` 2-ով։
Որոշման ընդունումը պայմանավորված է 2021 թվականի ապրիլի 14-ին Ազգային ժողովի կողմից ընդունված Դատական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքով։
Հիշեցնենք` շուրջ 1 ամիս առաջ` հոկտեմբերի 12-ին Սահմանադրական դատարանը մերժել էր այս օրենքի սահմանադրականության վերաբերյալ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիմումը։
Դիմումը մերժվել էր «ձայների հավասարության» հիմքով, ասել է թե` ՍԴ անդամների ձայները հավասար էին բաժանվել, ինչի պատճառով որոշում չի ընդունվել, և օրենքը մտել էր ուժի մեջ։
ՀՀ նախագահն օրենքը ՍԴ էր ուղարկել ապրիլի 12-ին:
Արմեն Սարգսյանը հայտարարել էր, որ փորձագիտական շրջանակների հետ օրենքների փաթեթը քննարկելուց հետո եկել է այն եզրահանգման, որ դրանք առերևույթ հակասում են Սահմանադրությանը և որոշել է դիմել Սահմանադրական դատարան:
Հավելենք` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը և հարակից օրենքները Ազգային ժողովի կողմից հանրապետության նախագահի ստորագրմանն էին ներկայացվել 2021թ.–ի մարտի 22-ին:
Մինչ ՍԴ դիմելը նախագահը ներկայացված օրինագծերի փաթեթը քննարկել էր արդարադատության նախարարի, Ազգային ժողովի պետական-իրավական հանձնաժողովի նախագահի, ինչպես նաև ԲԴԽ նախագահի, իրավաբան գիտնականների, փորձագետների և փաստաբանների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, լսվել են նրանց նկատառումներն ու մտահոգությունները:
Մասնագետների համոզմամբ` օրենքում տեղ գտած առանձին կարգավորումներ անհամատեղելի են դատական իշխանության անկախության և միասնականության հիմնարար պահանջների հետ։
Օրենքը նախատեսում է դատավորների որոշակի ներքին մասնագիտացում՝ հիմնված գործի, բարդության վրա։
Մեկնաբանությունների համաձայն`սա կարող է հանգեցնել դատավորների առանձին էլիտար խմբի ձևավորմանը, ինչի արդյունքում պակաս մասնագիտացված դատավորների նկատմամբ հանրային վստահությունը կնվազի։