ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում, որի հետևանքով 10 տարեկան տղա է մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ այսօր`ժամը 08:40–ի սահմաններում, Վայոց Ձորի մարզի բնակիչ, 64-ամյա Սամվել Սեդրակյանն իր վարած ВАЗ 21740 մակնիշի ավտոմեքենայով Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 1.8-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն, 10-ամյա Երվանդ Հ.-ին:
Երեխան «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը,որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հատուկ պահպանվող տարածք: